ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՃՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Նշանավոր գրող, դրամատուրգ եւ հասարակական գործիչ Դերենիկ Դեմիրճյանի (1887-1956) բնակարանն է Երեւանում, որտեղ նա ապրել է 1929 թվականից մինչեւ մահը: Որպես տուն-թանգարան գործում է 1977 թվականից: Ունի 670 հիմնական եւ գրեթե նույնքան գիտաօժանդակ նյութեր, որոնք լավագույնս ներկայացնում են գրողի անցած բազմամյա ստեղծագործական ուղին:
Տուն-թանգարանը բաղկացած է հուշային երեք սենյակից եւ մեկ ցուցասրահից: Առաջին սենյակն ամփոփում է գրողի կյանքի եւ գործունեության վաղ շրջանը, երկրորդը նրա աշխատասենյակն է, իսկ երրորդ սենյակն ընդգրկում է նրա գրական եւ հասարակական գործունեության հասուն շրջանը: Ցուցասրահում առավելապես ներկայացված են դեմիրճյան-թատերագետն ու նրա երկերի բեմադրությունները:
Հատկանշական է, որ գրողի անձնական իրերի մեջ պահպանվում է նաեւ նրա ջութակը, որը ստրադիվարիուսյան դպրոցի եզակի նմուշ է:
Տուն-թանգարանի նյութերի հիման վրա ստեղծվել են հեռուստատեսային եւ ռադիո հաղորդումներ: Այստեղ պարբերաբար կազմակերպվում են գրական եւ թատերական ցերեկույթներ, հանդիպումներ, գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ՝ նվիրված թե՛ դասական գրողի կյանքին ու ստեղծագործությանը եւ թե՛ գրական արդի խնդիրներին ու երեւույթներին…
|