ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Թանգարանային նյութերի հանրահռչակման կարեւորագույն եղանակներից է ցուցադրությունը: Թանգարանն ունեցել է եւ ունի մշտական ցուցադրություն եւ կազմակերպել ու կազմակերպում է ժամանակավոր ցուցահանդեսներ: Ցուցասրահների մի մասը այսօր զբաղեցնում է 2002 թվականի ապրիլին բացված "Սայաթ-Նովայից մինչեւ Չարենց" մշտական ցուցադրությունը, որը ներառում է 18-րդ դարից մինչեւ 1930-ական թվականները հանդես եկած խոշորագույն հայ գրողներին ու արվեստագտներին, ինչպես նաեւ կարեւոր կրթական ու մշակութային հաստատությունները: Ըստ այդմ, ամենաուշագրավ նյութերի հիման վրա, գիտական հայեցակարգով եւ արդի գեղարվեստական-ցուցադրական սկզբունքով, տրված է նշված ժամանակաշրջանի հայ մշակույթի ընդհանուր-համադրական պատկերը…
Հայ մշակութային արժեքները լավագույնս պրոպագանդող եւ բազմաթիվ այցելուներ ունեցող այս հրապուրիչ ցուցադրությունը ստեղծվել է Թանգարանի աշխատակիցների ջանքերով եւ Թանգարանի բարեկամների, հատկապես ամերիկահայ անվանի երաժիշտ Շահան Արծրունու եւ "Սիամանթո միության" (Փարիզ) օժանդակությամբ:
Մշտական ցուցադրության մի ինքնօրինակ հավելում կարելի է համարել Թանգարանի տարածքում 2007 թվականին բացված Ստեֆան Էլմասի հուշասենյակը: Հայ մեծ կոմպոզիտորին վերաբերող մի շարք արժեքավոր նյութեր է Թանգարանին նվիրաբերել Շվեյցարիայում գործող "Ստեֆան Էլմաս" հիմնադրամը (տնօրեն՝ Ժան-Պիեռ Բեռնար), որի օժանդակությամբ էլ ստեղծվել է այդ գողտրիկ անկյունը: Այս գործին ի սկզբանե իր նպաստն է բերել նաեւ ֆրանսահայ երաժիշտ Ալեքսանդր Սիրանոսյանը:
Փարիզաբնակ մեր հայրենակցուհի Անահիտ Գրիգորյանի օժանդակությամբ 2008 թվականին վերանորոգվել է Թանգարանի դահլիճը՝ վերափոխվելով կոմիտասյան սրահի: Այսօր այն, նիստերի ու համերգների դահլիճ լինելուց զատ, հայ խոշորագույն երգահանին նվիրված տպավորիչ մի ցուցադրություն է…
Թանգարանը տարբեր առիթներով ու թեմաներով ժամանակավոր ցուցադրություններ է կազմակերպել թե՛ իր սրահներում եւ թե՛ հանրապետության այլ քաղաքների ու արտերկրի զանազան հաստատություններում: Նշանակալից էր հատկապես Շուշիի ազատագրման տարելիցին (1993 թ.) կազմակերպված "Շուշի. մշակութային կյանքի մեկ դարը. (1820-1920)" ցուցահանդեսը, որով Թանգարանը իր ջերմ մասնակցությունը բերեց արցախյան մեծ շարժմանը: Ցուցահանդեսը միառժամանակ ներկայացվեց նաեւ Գյումրիում, ապա հանգրվանեց Շուշիում:
Հիշարժան է նաեւ 2000 թվականին Կ. Պոլսո Պատրիարքարանի աջակցությամբ ստեղծված "Հայ Պոլիս" ցուցահանդեսը, որը լայնորեն ներկայացրեց Կ. Պոլսի հայ գրական, կրթական ու մշակութային կյանքի համապատկերը: Ի դեպ, պոլսահայ կոմպոզիտոր Սիրվարդ Գարամանուկի երաժշտության հիման վրա Թանգարանի անվամբ եւ խորրդատվությամբ նկարահանվել է "Ախթամար" կինոնկարը (ըստ Հ. Թումանյանի համանուն բալլադի):
Թանգարանը սերտացնում է իր միջազգային կապերը ոչ միայն իր հարստությունը համալրելու, այլեւ այն առավել լայնորեն հանրահռչակելու համար՝ հատկապես ցուցահանդեսների միջոցով: Վերջին տարիներին Թանգարանի որոշ նյութեր տեղ են գտել Նորվեգիայում եւ Ֆրանսիայում կազմակերպված ցուցահանդեսներում:
Ցուցահանդեսները սովորաբար ուղեկցվում են տարբեր տարելիցներին ու մշակութային իրողություններին նվիրված գիտական ու գեղարվեստական միջոցառումներին: Թե՛ ցուցադրական եւ թե՛ մասսայական աշխատանքները նախաձեռնում է Թանգարանի գիտա-ցուցադրական բաժինը, իսկ այդ ձեռնարկումներին մասնակցում է Թանգարանի ողջ աշխատակազմը՝ ներառելով նաեւ հանրապետության գիտական եւ գեղարվեստական ներուժը:
Թանգարանը չի շրջանցել որեւէ կարեւոր հոբելյան եւ իր կազմակերպած գիտական նստաշրջաններով, համերգներով, դասախոսություններով, գրքերի շնորհանդեսներով եւ բազմապիսի այլ նախաձեռնումներով իր մասնակցությունն է բերել հանրապետության գիտական ու մշակութային կյանքին…
Իր մասսայական աշխատանքները կազմակերպելիս Թանգարանը հաճախ կողմնորոշվում է դեպի երիտասարդ սերունդը: Այսպես, 2000 թվականին Թանգարանում մշակվեց եւ իրագործվեց "Արվեստ եւ ճանաչողություն" ծրագիրը, որն առաջին փորձն էր թանգարանային մանկավարժության ասպարեզում: Ծրագրի նպատակը թանգարանային արժեքների միջոցով գրականության եւ արվեստի ուսուցումն է, ինչը հաջողությամբ կիրառվեց որոշ կրթօջախների սաների շրջանում:
2006-2007 թվականներին Բաց հասարակության ինստիտուտի հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի օժանդակությամբ Թանգարանում իրականացվեց "Բաց ֆոնդեր" ծրագիրը՝ Երեւանի որոշ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողության համար: Այդ ծրագրի շրջանակներում կազմակերպվել են տասնյակ թեմատիկ ցուցահանդեսներ եւ դասախոսություններ: Ծրագրի արդյունքում ստեղծվել է Թանգարանի երիտասարդ բարեկամների ակումբ, որը նպաստում է Թանգարանի տարաբնույթ միջոցառումների կազմակերպմանը…
Իր որոշ մասսայական ձեռնարկումներ Թանգարանը նպատակաուղղում է նաեւ տարեց սերնդին: Հիշարժան է ծերերի տուն-ինտերնատների համար կազմակերպված "Մեկ օր Թանգարանում" ակցիան…
Վերջին տարիներին Թանգարանն իր յուրահատուկ միջոցառումներով մասնակցում է նաեւ Ֆրանսիայի թանգարանների նախաձեռնած "Թանգարանային գիշեր" ակցիային, եվրոպական ժառանգության օրերին, ինչպես նաեւ ամենատարբեր միջազգային նախաձեռնությունների:
Թանգարանը ցուցադրական ու մասսայական աշխատանքներ է ծավալում նաեւ երկրի մարզերում՝ համագործակցելով տեղի թանգարանների հետ եւ հատկապես՝ իր մասնաճյուղերի միջոցով: Թանգարանի իրավասության տակ են գործում հայ դասական գրողներ Դերենիկ Դեմիրճյանի (Երեւան), Հովհաննես Թումանյանի (Դսեղ), Ակսել Բակունցի (Գորիս), Պերճ Պռոշյանի (Աշտարակ) տուն-թանգարանները եւ խոշոր հայագետ Գրիգոր Ղափանցյանի թանգարանը (Աշտարակ): |