Թանգարանի պատմությունը սկինզբ է առնում 1921 թվականից: Այն սաղմնավորվել է իբրեւ Հայաստանի Լուսավորության ժողովրդական կոմիսարիատին կից Երեւանում ստեղծված Պետական կուլտուր-պատմական թանգարանի պատմագրական բաժին: Ըստ էության գործել է 1922-ից՝ ղեկավարությամբ բանասեր, պատմաբան Երվանդ Շահազիզի (1856-1951), որը Նոր-Նախիջեւանից Երեւան էր բերել եւ Թանգարանին հանձնել Մ. Նալբանդյանի, Գ. Պատկանյանի, Ռ. Պատկանյանի, Հ. Խալիպյանի, Ս. Շահազիզի արխիվները, Նոր-Նախիջեւանի հայ գաղութի պատմությանը վերաբերող վավերագրեր, հնատիպ գրքեր եւ այլ նյութեր: Մինչ այդ (1921 թ. հոկտեմբերին), Հովհաննես Թումանյանի միջոցով, Թանգարանին էր հանձնվել Սայաթ-Նովայի երգերի ինքնագիր տետրը՝ Դավթարը…
Հետագա տարիներին Կուլտուր-պատմական թանգարանի պատմագրական բաժինը համալրվում է հայ դասական գրողների, գրական-մշակութային գործիչների ու հաստատությունների բազմաթիվ նյութերով եւ 1935 թվականի մայիսի 16-ից առանձնացվում, որպես ինքնուրույն գիտական հիմնարկ՝ Պետական գրական թանգարան անունով (առաջին տնօրենը՝ Խորեն Սարգսյան): Նույն այդ թվականին թատերագետ Սարգիս Մելիքսեթյանի ջանքերով հիմնվում է նաեւ Երեւանի թատերական թանգարանը: Դրանից մեկ տարի առաջ Երեւանի կոնսերվատորիայում երաժշտական մի շարք ֆոնդերի ընդգրկմամբ բացվել էր Ռ. Մելիքյանի անվան կաբինետը…

1942 թ. հուլիսի 21-ից Գրական թանգարանը դուրս գալով Լուսժողկոմատի ենթակայությունից, ընդգրկվում է Խորհրդային միության Գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալի, ապա Հայաստանի Գիտությունների ակադեմիայի կազմում՝ իբրեւ Լեզվի ու գրականության ինստիտուտի, ապա Գրականության ինստիտուտի մի ինքնուրույն բաժին: 1953 թվականի մայիսից անցնում է Մշակույթի նախարարության իրավասության տակ, իբրեւ Հայաստանի Պետական պատմական թանգարանի մի առանձին բաժին:
1954 թվականի հոկտեմբերին Գրական եւ Թատերական թանգարանների եւ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական կաբինետի ֆոնդերի միավորմամբ կազմավորվում է Գրականության եւ արվեստի թանգարանը՝ մինչեւ 1963-ը գործելով Գիտությունների ակադեմիայի, այնուհետեւ, մինչեւ օրս՝ Մշակույթի նախարարության իրավասության ներքո: 1967-ից կրում է Եղիշե Չարենցի անունը: Ավելի ուշ (1977 թ.) Թանգարանում հանգրվանեցին նաեւ հայ կինոարվեստին վերաբերող ֆոնդերը… |