r. meliki hetԹանգարանի պատմությունը սկիզբ է առնում 1921 թվականից: Այն սաղմնավորվել է իբրեւ Հայաստանի Լուսավորության ժողովրդական կոմիսարիատին կից Երեւանում ստեղծված Պետական կուլտուր-պատմական թանգարանի պատմագրական բաժին: Ըստ էության գործել է 1922-ից՝ ղեկավարությամբ բանասեր, պատմաբան Երվանդ Շահազիզի (1856-1951), որը Նոր Նախիջեւանից Երեւան էր բերել եւ Թանգարանին հանձնել Մ. Նալբանդյանի, Գ. Պատկանյանի, Ռ. Պատկանյանի, Հ. Խալիպյանի, Ս. Շահազիզի արխիվները, Նոր Նախիջեւանի հայ գաղութի պատմությանը վերաբերող վավերագրեր, հնատիպ գրքեր եւ այլ նյութեր: Մինչ այդ (1921 թ. հոկտեմբերին), Հովհաննես Թումանյանի միջոցով, Թանգարանին էր հանձնվել Սայաթ-Նովայի երգերի ինքնագիր տետրը՝ Դավթարը…

cuc hinՀետագա տարիներին Կուլտուր-պատմական թանգարանի պատմագրական բաժինը համալրվում է հայ դասական գրողների, գրական-մշակութային գործիչների ու հաստատությունների բազմաթիվ նյութերով եւ 1935 թվականի մայիսի 16-ից առանձնացվում` որպես ինքնուրույն գիտական հիմնարկ՝ Պետական գրական թանգարան անունով (առաջին տնօրենը՝ Խորեն Սարգսյան): Նույն այդ թվականին թատերագետ Սարգիս Մելիքսեթյանի ջանքերով հիմնվում է նաեւ Երեւանի թատերական թանգարանը: Դրանից մեկ տարի առաջ Երեւանի կոնսերվատորիայում երաժշտական մի շարք ֆոնդերի ընդգրկմամբ բացվել էր Ռ. Մելիքյանի անվան կաբինետը: 1942 թ. հուլիսի 21-ից Գրական թանգարանը դուրս գալով Լուսժողկոմատի ենթակայությունից` ընդգրկվում է Խորհրդային Միության Գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալի, ապա Հայաստանի Գիտությունների ակադեմիայի կազմում՝ իբրեւ Լեզվի ու գրականության ինստիտուտի, ապա Գրականության ինստիտուտի մի ինքնուրույն բաժին: 1953 թվականի մայիսից անցնում է Մշակույթի նախարարության իրավասության տակ` իբրեւ Հայաստանի Պետական պատմական թանգարանի մի առանձին բաժին:


1954 թվականի հոկտեմբերին Գրական եւ Թատերական թանգարանների եւ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական կաբինետի ֆոնդերի միավորմամբ կազմավորվում է Գրականության եւ արվեստի թանգարանը՝ մինչեւ 1963-ը գործելով Գիտությունների ակադեմիայի, այնուհետեւ, մինչեւ օրս՝ Մշակույթի նախարարության իրավասության ներքո: 1967-ից կրում է Եղիշե Չարենցի անունը: Ավելի ուշ (1977 թ.) Թանգարանում հանգրվանեցին նաեւ հայ կինոարվեստին վերաբերող ֆոնդերը…