Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ավարտվել է ջութակահար և մանկավարժ, Երևանի պետական կոնսերվատորիայի կամերային անսամբլի ամբիոնի հիմնադիր Կարեն Կոստանյանի արխիվի գիտական մշակումը, և այն արդեն հասանելի է հանրությանը։

Ջութակահար և մանկավարժ, Երևանի կոնսերվատորիայի կամերային անսամբլի ամբիոնի հիմնադիր ԿԱՐԵՆ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ ծնվել է Երևանում 1922-ին, հայտնի պետական գործիչ Արամ Կոստանյանի ընտանիքում։ Երևանի միակ երաժշտական դպրոցում նա սովորել է պրոֆեսոր Դ. Լեկգերի դասարանում։ 1935-36-ին Երևանի կոնսերվատորիային կից կազմակերպվում է շնորհալի երեխաների խմբակ, որտեղ ընդգրկված էր նաև Կ.Կոստանյանը։ Փայլուն երաժշտական տվյալները վաղ հասակից կանխորոշում են ապագա ջութակահարի ուղին։
Սակայն հոր ողբերգական մահը կտրուկ փոխում է Կարենի ճակատագիրը։ Որպես «ժողովրդի թշնամու զավակ» հեռացվում է դպրոցից, ընտանիքը հայտնվում է փողոցում, նրա առջև փակվում են բոլոր դռները։ Շատերը հայտնի պատճառով խզում են կապերը Կոստանյան ընտանիքի հետ։ Միայն ուսուցիչը՝ Դ. Լեկգերը, սատարելով իր աշակերտին, խորհուրդ է տալիս տեղափոխվել Մոսկվա։ Այնտեղ Կարենի զարմուհու՝ հայտնի ինժեներ-կոնստրուկտոր Ելիզավետա Շահխաթունու ջանքերի շնորհիվ ընդունվում է Մոսկվայի կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոց։ Բոլոր նախադրյալները կային Մոսկվայի կոնսերվատորիա ընդունվելու համար, սակայն ավարտական քննությունից երեք օր առաջ սկսվում է Հայրենական մեծ պատերազմը և Կոստանյանը վերադառնում է Հայաստան։ 1941-ին նա ընդունվում է Երևանի կոնսերվատորիա՝ Ավետ Գաբրիելյանի դասարան։ Պատերազմի ավարտից հետո ուսումը շարունակում է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Կոնստանտին Մոստրասի դասարանում։ 1948-ին գերազանց ավարտելով կոնսերվատորիան` վերադառնում է Հայաստան՝ իրեն նվիրելով կատարողական գործունեությանը և մանկավարժությանը։ Նվագել է տարբեր նվագախմբերում, իսկ 1954-ից մինչև 1986-ը հանդես է եկել որպես մենակատար։ Մանկավարժական աշխատանքը կապված էր Երևանի կոնսերվատորիայի և Պ.Չայկովսկու անվ. միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի հետ։
Մահացել է 1986-ին։

Կարեն Կոստանյանի արխիվն ընդգրկում է ազդագրեր, ծրագրեր, անձնական և կենսագրությանն առնչվող փաստաթղթեր, հոդվածներ, լուսանկարներ, նամակներ։
Թեմաների ընդգրկման տեսանկյունից մեծ արժեք է ներկայացնում Կարեն Կոստանյան-Կոնստանտին Մոստրաս նամակագրությունը, որը ուսուցիչ-սան հոգևոր կապի փայլուն օրինակ է։
«Այլ անձանց նյութեր» բաժնում պահպանվում են Կարեն Կոստանյանի մորաքրոջը՝ Մարգարիտա Շահխաթունուն ձոնված՝ Վեսպերի «Գեղօն» և «Գրետային» բանաստեղծությունների, ինչպես նաև ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ երեք նամակների և «Սոնետ» բանաստեղծության ինքնագրերը։

Արխիվը մշակել է ԳԱԹ-ի երաժշտական բաժնի վարիչ ՑՈՂԻԿ ԲԵՔԱՐՅԱՆԸ։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ավարտվել է սփյուռքահայ երգիչ, դերասան Վրթանես Երամյանի արխիվի գիտական մշակումը, և այն արդեն հասանելի է հանրությանը։
Երգիչ, դերասան Վրթանես Երամյանի արխիվում է գտնվում «Թատրոն. Տրամ. Ողբերգութիւնք. Գոմէթի. Զաւէշտ.Երգահանդէս հայերէն և օտար լեզւով եւ կենսագրական նօթագրութիւններ» ալբոմը, որն ընդգրկում է երգչի ինքնագիր կենսագությունը, լուսանկարներ, հոդվածներ մամուլում, կենսագրությանն առնչվող նյութեր։ Ֆոնդը հարուստ է լուսանկարներով. դիմաշարժեր, դերեր, նկարված մենակ և խմբանկարներ։
Վրթանես Երամյանը ծնվել է 1887-ին՝ Կոնստանդնուպոլսում։ 1895-1896-ին սովորել է տեղի Կեդրոնական վարժարանի նախակրթարանում։ 1896-ին տեղափոխվել է Եգիպտոս։ 1898-1903-ին սովորել է Ալեքսանդրիայի Պողոսյան ազգային երկսեռ վարժարանում։ 1904-ից ծավալել է դերասանական գործունեություն։
Երամյանը քիչ հայտնի է մեր հանրությանը։ Արխիվային նյութերին ծանոթանալուց հետո շատերը նոր բացահայտումներ կանեն։
Ակնկալում ենք, որ սփյուռքի մեր հայրենակիցները արխիվը կհամալրեն նոր վավերագրերով։
Արխիվը մշակել է ԳԱԹ-ի երաժշտական բաժնի վարիչ ՑՈՂԻԿ ԲԵՔԱՐՅԱՆԸ։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ավարտվել է դերասան Գուրգեն Ջանոյանի արխիվի գիտական մշակումը, և այն արդեն հասանելի է հանրությանը։
Գուրգեն Ջանոյանը ծնվել է 1912 թ. Կարսում: Մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան պետական թատրոնին կից երկամյա թատերական ստուդիայում: Առաջին անգամ բեմ է բարձրացել 1928 թ.:
1932-1935 թթ. խաղացել է Ստեփանակերտի նորաստեղծ պետական թատրոնում, որտեղ հանդես է եկել Օգսենի («Պաղդասար աղբար»), Սեյրանի («Նամուս»), Ռոդրիգոյի («Օթելլո»), Գաետանոյի («Կորրադո»), Այվազի («Արյունոտ օրեր») և այլ դերերում:
1935 թ. խաղացել է Երևանի Մ. Գորկու անվան բանվորական թատրոնում, 1936-ից՝ Ամո Խարազյանի անվան շրջիկ թատրոնում: Աշխատել է նաև Կիրովաբադի, Էջմիածնի և Կամոյի թատրոններում:
1939 թ. նկարահանվել է «Մեր կոլխոզի մարդիկ» գեղարվեստական ֆիլմում՝ Արտոյի դերում: Աշխատել է Ամո Խարազյանի անվան Արտաշատի պետական թատրոնում նախ՝ որպես դերասան, ապա՝ տնօրեն և ռեժիսոր: Այս և վերոհիշյալ այլ թատրոններում տարբեր տարիների ընթացքում կերտել է տասնյակ կերպարներ, հիմնականում գլխավոր հերոսների, որոնցից են՝ Նեզնամով («Անմեղ մեղավորներ»), Ժադով («Եկամտաբեր պաշտոն»), Կրիչինսկի («Կրիչինսկու հարսանիքը»), Պեպո (համանուն պիեսում), Գառնակերյան («Փորձադաշտ»), Ֆերդինանտ («Սեր և խարդախվանք»), Օգսեն («Պաղտասար աղբար»), Կորրադո («Ոճրագործի ընտանիքը»), Օթարյան («Պատվի համար») և այլն:

1956 թ. ստացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչում, իսկ 1972 թ. ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում:

Արխիվը մշակել է ԳԱԹ-ի թատերարվեստի բաժնի ավագ գիտաշխատող ԳԱՅԱՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ավարտվել Է կինոռեժիսոր, սցենարների հեղինակ Արշա Օվանեսովայի արխիվի գիտական մշակումը, և այն արդեն հասանելի է հանրությանը։
Արշա Օվանեսովան ծնվել է 1906 թ. դեկտեմբերի 23-ին Բաքվում:
1924 թ.՝ դպրոցը ավարտելուց հետո, Արշան Բաքվում անցել է աշխատանքի և միաժամանակ սովորել է դրամատիկական քոլեջում և արվեստի դպրոցում:
Կինոխրոնիկա եկել է դեռ ուսանող ժամանակից` 1931 թ.: Խրոնիկայում իր նախաձեռնությամբ ստեղծել է կինոհանդես՝ «Пионерия», պիոներների և դպրոցականների համար:
1932 թ. ավարտել է ВГИК-ի ռեժիսորական ֆակուլտետը:
Հայրենական պատերազմի տարիներին Արշան տեղափոխվել է Ալմա-Աթա (Ալմաթի), որտեղ շարունակել է «Пионерия» ամսագրի լույսընծայումը:
Արշա Օվանեսովան հեղինակել է 20 կարճամետրաժ և թեմատիկ թողարկումներ, լիամետրաժ ֆիլմեր՝ «Повесть о наших детях», «Международный фестиваль молодежи», «30 лет ВЛКСМ», «Молодые строители коммунизма», «Юность Мира» և «Советская Армения» և այլն:
1947 թ. արժանացել է РСФСР արվեստի վաստակավոր գործչի կոչմանը՝ «Юность Мира» ֆիլմի համար: 1950 թ. արժանացել է Ստալինյան 1-ին և Խաղաղության միջազգային մրցանակների: Խորհրդային կինեմատոգրաֆիայի 30-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է «Трудового Красного знамени» շքանշանով:
Արշա Օվանեսովան մահացել է 1990 թ. Մոսկվայում:
Փոքրածավալ արխիվն ընդգրկում գրական սցենարներ, նամակներ, անձնական փաստաթղթեր, ֆիլմերի փաստաթղթեր, լուսանկարներ, պոզիտիվ, նեգատիվ ժապավեններ և այլ նյութեր։
Արխիվը մշակել է ԳԱԹ-ի կինոարվեստի բաժնի գիտաշխատող ԼՈՒՍԻՆԵ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ավարտվել է սփյուռքահայ ջութակահար Վրույր Գիսակի արխիվի գիտական մշակումը, և այն արդեն հասանելի է հանրությանը։
Հայտնի ջութակահար Վրույր Գիսակը ծնվել է 1884-ին Կոստանդնապոլսում։ 1903-ին մեկնել է Բելգիա, սովորել Բրյուսելի կոնսերվատորիայում՝ Ս. Թոմսոնի մոտ, որն ավարտելուց հետո դարձել է նույն կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Համերգներով հանդես է եկել Եվրոպայի մի շարք քաղաքներում։ 1911-14-ին ապրել է Թիֆլիսում, ընտրվել Թիֆլիսի Հայոց երաժշտական ընկերության վարչության կազմում։ Համերգներով հանդես է եկել Անդրկովկասի մի շարք քաղաքներում։ 1923-ից ապրել է ԱՄՆ-ում։ Վրույրը նաև շնորհալի նկարիչ էր, մասնակցել է Լոս Անջելեսի գեղարվեստական ցուցահանդեսների, շահել ոսկե մեդալներ։ Փոքրածավալ արխիվն ընդգրում է կենսագրությանն առնչվող նյութեր, նամակներ, լուսանկարներ։
Ակնկալում ենք, որ սփյուռքի մեր հայրենակիցները արխիվը կհամալրեն նոր վավերագրերով։

Արխիվը մշակել է ԳԱԹ-ի երաժշտական բաժնի վարիչ ՑՈՂԻԿ ԲԵՔԱՐՅԱՆԸ։