ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Այս եւ մյուս հուշային թանգարանները տարբեր ժամանակներում, որպես մասնաճյուղեր, ընդգրկվել են Գրականության եւ արվեստի թանգարանի կազմում: Ըստ այդմ, առավել հարստացել է մայր թանգարանը, ընդլայնվել են նրա գործունեության ու ներգործության ոլորտները…
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի (1869-1923) հայրական տունը՝ Լոռու մարզի Դսեղ գյուղում տուն-թանգարանի է վերածվել 1939 թվականին: Այստեղ պահպանվում են մեծ գրողի կյանքն ու գործը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշներ: Բակում տեղադրված է կիսանդրին (գործ Ա. Ուրարտուի, 1953 թ.) եւ կառուցված է մատուռ (1994 թ.), որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը…
Տուն-թանգարանի շենքը վերանորոգված է սփյուռքահայ Գունտագճյան եւ Պուճիկյան ամուսինների նյութական օժանդակությամբ: Նորացված է նաեւ ցուցադրությունը:
Չնայած տուն-թանգարանը գտնվում է բարձրադիր գյուղական բնակավայրում, սակայն հանճարեղ բանաստեղծի, արձակագրի, մանկագրի ու ազգային խոշոր գործչի անսպառ ձգողական ուժը այստեղ է բերում հազարավոր այցելուների՝ հաղորդակցվելու նրա նվիրական մասունքներին:
Թումանյանին վերաբերող հիշարժան տարեթվերի եւ զանազան այլ առիթներով այստեղ կազմակերպվում են խոշոր հանդիսություններ եւ ամենամյա թումանյանական օրերը… |