Գրականության և արվեստի թանգարանում այսօր մեկնարկեց «Գրաֆիկական և արխիվային փաստաթղթերի պահպանության հիմունքներ. գործնական հմտություններ, փոշեզրկում, փաթեթավորում» խորագրով հայ-ֆրանսիական գիտագործնական 4-օրյա դասընթացը, որը կազմակերպվել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի համատեղ աշխատանքի արդյունքում՝ համագործակցությամբ Գրականության և արվեստի թանգարանի։
Դասընթացին մասնակցում են Երևանի և մարզերի գրադարաններից, թանգարաններից, գիտահետազոտական կենտրոններից, արխիվներից ընտրված ֆոնդապահներ, գրավոր ժառանգության պահպանությամբ և խնամքով զբաղվող երեք տասնյակից ավելի մասնագետներ։
Դասընթացի յուրաքանչյուր օր երկփուլ է՝ տեսական և գործնական աշխատանքներով հագեցած։
Դասընթացի մեկնարկին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ԿԳՄՍ նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը։
Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը կարևորեց հայ և ֆրանսիացի մասնագետների համատեղ այս ծրագիրը, որը հնարավորություն է տալիս փորձի փոխանակման, գիտելիքների և կարողությունների հարստացման։ Դեսպան Օլիվիե Դըկոտինյին ընդգծեց ֆրանսիական կողմի պատրաստակամությունը նմանատիպ ծրագրերի իրականացման հարցում և շեշտեց իրենց պատրաստակամությունն այսուհետ ևս շարունակելու համագործակցությունը։ Դեսպանի խոսքով` ծրագրի վերստին վստահումը Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնին խոսում է նախորդ ծրագրի արդյունքների գոհացուցիչ լինելու մասին։
Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը ներկայացրեց ծրագրի նպատակը՝ կարևորելով դրա արդյունավետությունն ու շարունակականության ապահովումը։ Այս ծրագրի առաջին փուլն իրականացվել է նախորդ երկու տարիներին և առավելապես ուղղված է եղել հնագիտական գտածոների, թանգարանային առարկաների պահպանությանը, վերականգնմանը, իսկ այսօր մեկնարկած դասընթացով սկիզբ է դրվել երկամյա մի նոր փուլի՝ առավել ընդգրկուն ծրագրով։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև հյուրընկալ թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը։ Թանգարանի արխիվային հարուստ ֆոնդերի բազմազանությունը, նրա խոսքով, կարիք ունի ոչ միայն խնամքի և պահպանության, այլև նոր հետազոտողների, որոնց շնորհիվ մեր գրականության անհայտ էջերը հնարավոր կլինի ներկայացնել հանրությանը։
Դասընթացը կտևի մինչև հոկտեմբերի 18-ը։
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջև հաստատված համագործակցության հիման վրա։