Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ավարտվել է անվանի գրող, արձակագիր Վախթանգ Անանյանի մեծածավալ անհատական արխիվի գիտական մշակումը, և այն արդեն շրջանառության մեջ է դրվել։ Արխիվը ընդգրկում է գրողի գեղարվեստական ստեղծագործությունների՝ վեպերի, վիպակների, պատմվածքների, հեքիաթների, նովելների, խոհագրական երկերի, «Հայաստանի կենդանական աշխարհը» գիտահանրամատչելի ակնարկների 5 հատորների, ժամանակաշրջանի գրական շրջանակների հետ նամակագրության ինքնագրերը, անձնական լուսանկարներ, կենսագրությանն առնչվող նյութեր, ընծայագրված գրքեր, մամուլ: Արխիվը կազմված է 5337 պահպանության և շուրջ 6000 գրանցման միավորից:
Արխիվը մշակել է Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գրական բաժնի ավագ գիտաշխատող ԼՈՒՍԻՆԵ ԳԱԶԱԶՅԱՆԸ։
Վախթանգ Անանյանը ծնվել է 1905 թ. Դիլիջանում: 1930-31 թթ. աշխատել է «Մաճկալ», 1931-35 թթ.՝ «Սոցիալիստական գյուղատնտեսություն» թերթերում: 1935 թ. եղել է «Կոլխոզնիկ» թերթի պատասխանատու խմբագիր: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու և «Պատվո նշան» շքանշաններով: 1941-1945 թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Առաջին ստեղծագործությունը՝ «Չոլախ Թաքոն», տպագրվել է 1927 թ. «Պիոներ» ամսագրում: 1930 թ. լույս է տեսել առաջին վիպակը՝ «Կրակե օղակի մեջ»:
1934 թ. լույս է տեսել Անանյանի «Որս» պատմվածքների ժողովածուն, 1951 թ.՝ «Սևանի ափին» վիպակը: 1956 թ. մանկական լավագույն գրքի համամիութենական մրցանակաբաշխությունում «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վիպակներն արժանացել են մրցանակի: Այս ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են «Լեռնային լճի գաղտնիքը» և «Հովազաձորի գերիները» կինոնկարները (1954 թ., 1957 թ.):
Վախթանգ Անանյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, չինարեն, ճապոներեն, չեխերեն, բուլղարերեն, բենգալերեն, հինդի և այլ լեզուներով:
Վախթանգ Անանյանը մահացել է 1980 թ. մարտի 4-ին, Երևանում: