Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ավարտվել է սփյուռքահայ նշանավոր գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ ՍԻՐԱՆ ՍԵԶԱՅԻ մեծարժեք արխիվի գիտական մշակումը, և այն արդեն հասանելի է հանրությանը։ Արխիվն ընդգրկում է 2000-ից ավելի մշակման միավոր՝ գեղարվեստական գործերի ինքնագրեր, գրած և ստացած նամակներ, անձնական փաստաթղթեր, օրագրություններ, գրողին և նրա հարազատներին առնչվող վավերագրեր, այլ անձանց վավերագրեր, լուսանկարներ և այլ նյութեր։

Սիրան Սեզայի արխիվը հարուստ է թե իր գեղարվեստական ստեղծագործությունների ինքնագրերով, և թե իր ժամանակի գրական կյանքը արտացոլող բազմաթիվ վավերագրերով։ Նշելի է հատկապես Սեզայի մեծարժեք նամակագրությունը նշանավոր մտավորականների և գրողների հետ (Վազգեն Շուշանյան, Անդրանիկ Անդրեասյան, Վարդգես Ահարոնյան, Լեյլանի (Մովսես Տեր-Գալուստյան), Անդրանիկ Ծառուկյան, Համաստեղ, Գուրգեն Մահարի, Շավարշ Միսաքյան, Վահան Նավասարդյան, Մաննիկ Պերպերյան, Վահե Վահյան, Մառի Աթմաճյան, Ներսես Ակինյան, Համո Օհանջանյան, Գարեգին կաթողիկոս Հովսեփյան, Արմեն Գալֆայան և այլն)։ Այս վավերագրերը բազում շահեկան մանրամասներ են պարունակում սփյուռքի գրական և հասարակական կյանքի մասին։
Արխիվը մշակել է Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գրական բաժնի ավագ գիտաշխատող ԼԱՈՒՐԱ ՎԻՐԱԲՅԱՆԸ։



ՍԻՐԱՆ ՍԵԶԱՅԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

Սիրան Զառիֆյանը ծնվել է Սկյուտարում 1902 թվականին, Զառիֆյանների ընտանիքում։ Ծնողները եղել են ուսումնասեր մարդիկ։ Մայրը՝ Հռիփսիմեն (1864-1948) եղել է Վենետիկից գաղթած ընտանիքի, իսկ հայրը՝ վաճառական Տաճատ Զառիֆյանը (1860-1935), Կովկասից գաղթած ընտանիքի զավակ։ Զառիֆյան ամուսիններն ունեցել են վեց երեխա, հոգեզավակ են վերցրել Օննիկ Արապյանին (վաղ տարիքում մահացած)։ Նրանց զավակներից կրտսերը դարասկզբի հայտնի բանաստեղծ վաղամեռիկ Մատթեոս Զառիֆյանն էր (1894-1924), մյուս որդին՝ Վահագն Զառիֆյանը, որը հոր հետ զբաղվել է վաճառականությամբ, 1910 թ. վերադարձել Պոլիս և թոքերի հիվանդությունից մահացել երիտասարդ հասակում (21 տարեկան)։ Դուստրերից Պերճուհին ամուսնացած էր գործարար Կյուլպենկ Կյուլպենկյանի հետ։ Զարիֆյան ընտանիքի մյուս դուստրը՝ Նուարդը, ամուսնացած էր Տիգրան Չպլաքյանի հետ։ Սիրանի կրտսեր քույրը Լյուսին էր (1903-1987), որն ամուսնացել էր բժիշկ Վահրամ Փոթուքյանի հետ, ապա 1937 թ. նրա մահից հետո երկրորդ անգամ ամուսնացել էր Տիգրան Տոսպաթի հետ։ Լյուսի և Տիգրան Տոսպաթները միասին խմբագրել են ֆրանսերեն հրատարակվող «Le soire» թերթը։
Սիրան Զարիֆյանը սկզբնական կրթությունը ստացել է Պոլսի Մուսալլա թաղամասում գտնվող աղջկանց անգլիական վարժարանում (1909-1913 թթ.), Ատաբազարի հայուհեաց (օրիորդաց) Գալֆայան բարձրագույն վարժարանում (1913-1917 թթ.)։ 1918-1921 թթ. Սիրանը ուսումը շարունակել է ամերիկյան միսիոներների՝ Պոլսում հիմնած Քր. Ռոբերտ քոլեջում։ Այս դպրոցում, ուր գերակշռում էին ազգությամբ հայ, հույն և բուլղարացի օրիորդները, դասավանդվում էր հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն լեզուներ։ 1921 թ. քոլեջն ավարտելուց հետո Սիրան Սեզան ցանկացել է ուսումը շարունակել ԱՄՆ-ում և ուսումնասիրել իրավագիտություն, բայց չի ստացվել։
Զառիֆյանների ընտանիքը հայկական ջարդերից հետո 1922 թ. լքել է Պոլիսը և բնակություն հաստատել Բեյրութում։
1926-1929 թթ. Սիրան Զառիֆյանը ամուսնացած է եղել դաշնակցական գործիչ, գանձակեցի Ալեքսանդր Մարգարյանի հետ։ Ուսումը շարունակելու նպատակով Սիրան Զարիֆյանը 1929 թ. վերջին ամուսնու հովանավորությամբ մեկնում է Ամերիկա և 1930-1932 թթ. սովորում Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Սեզան գրում է ավարտական ատենախոսություն Ավետիս Ահարոնյանի «Հայ հին հաւատալիքները» աշխատության վերաբերյալ և Արվեստի մագիստրոսի կոչումն ստանալուց հետո վերադառնում է Բեյրութ, ուր 1932 թ. վերջերին հրատարակում է «Երիտասարդ հայուհի» երկշաբաթաթերթը։ Հրատարակությունն ընդհատվում է 1934 թ., ապա մեծ ընդմիջումից հետո վերահրատարակվում է 1947-1968 թթ.։
Սիրան Զառիֆյանը ստեղծագործել է Սեզա կեղծանունով։
Սիրան Զառիֆյանի կատարած անմոռաց գործերից մեկն էլ եղավ այն, որ նա Վահե Վահյանի հետ պատրաստեց և հրատարակեց եղբոր՝ Մատթեոս Զառիֆյանի թողած գրական ժառանգությունը, անտիպ օրագրությունները («Ամբողջական գործեր», Բեյրութ, 1956)։ Երկրորդ անգամ Սիրան Սեզան ամուսնացել է 1938 թվականին բժիշկ Ներսես Քյուփելյանի (1909, Ուրֆա - 1965, Բեյրութ) հետ։ «Երիտասարդ հայուհի» ամսագրի գոյությունը մեծ մասամբ պայմանավորված էր Սեզայի ամուսնու՝ Ներսես Քյուփելյանի ֆինանսական ներդրումով և բարի կամքով։
Սիրան Սեզան ունի մեկ զավակ՝ Վահագն Քյուփելյան (ծնվ. 1938 թ.), որը ապրում է ԱՄՆ-ում։ Նրա ջանքերի շնորհիվ Սեզայի արխիվը նվիրաբերվեց Ե.Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանին։