Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ավարտվել է սփյուռքահայ ջութակահար, դաշնակահար, երգեհոնահար, կոմպոզիտոր, դիրիժոր, հասարակական գործիչ Հարություն Սինանյանի արխիվի գիտական մշակումը, և այն արդեն հասանելի է հանրությանը։
Հարություն Սինանյանը ծնվել է Կոստանդնուպոլսում 1872-ին։ Հոր՝ Գրիգոր Սինանյանի գործի եռանդուն շարունակողն է, Սինանյան նվագախմբի հաջորդ ղեկավարն ու դիրիժորը։ 1926-ին ընտրվել է Կ.Պոլսի երաժշտական խորհրդի պատվավոր անդամ։ Նա նաև Կ.Պոլսի Հայարտան հիմնադիրներից է։ Մահացել է 1939-ին։ Արխիվն ընդգրկում է կոմպոզիտորի երաժշտական ստեղծագործությունները. դաշնամուրային ստեղծագործություններ՝ «Բամբ Որոտան», «Մեսրոպեան քայլերգ եւ մեղեդի», «Տալւորիկ», «Քայլերգ Հայկական բարեգործական ընդհանուր միութեան», «Felicitation-Valse», «Polka de concert», «Marche Minak», երգեր և խմբերգեր, լուսանկարներ։
Արխիվը մշակել է ԳԱԹ-ի երաժշտական բաժնի վարիչ ՑՈՂԻԿ ԲԵՔԱՐՅԱՆԸ։