Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ավարտվել է դերասան Գուրգեն Ջանոյանի արխիվի գիտական մշակումը, և այն արդեն հասանելի է հանրությանը։
Գուրգեն Ջանոյանը ծնվել է 1912 թ. Կարսում: Մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան պետական թատրոնին կից երկամյա թատերական ստուդիայում: Առաջին անգամ բեմ է բարձրացել 1928 թ.:
1932-1935 թթ. խաղացել է Ստեփանակերտի նորաստեղծ պետական թատրոնում, որտեղ հանդես է եկել Օգսենի («Պաղդասար աղբար»), Սեյրանի («Նամուս»), Ռոդրիգոյի («Օթելլո»), Գաետանոյի («Կորրադո»), Այվազի («Արյունոտ օրեր») և այլ դերերում:
1935 թ. խաղացել է Երևանի Մ. Գորկու անվան բանվորական թատրոնում, 1936-ից՝ Ամո Խարազյանի անվան շրջիկ թատրոնում: Աշխատել է նաև Կիրովաբադի, Էջմիածնի և Կամոյի թատրոններում:
1939 թ. նկարահանվել է «Մեր կոլխոզի մարդիկ» գեղարվեստական ֆիլմում՝ Արտոյի դերում: Աշխատել է Ամո Խարազյանի անվան Արտաշատի պետական թատրոնում նախ՝ որպես դերասան, ապա՝ տնօրեն և ռեժիսոր: Այս և վերոհիշյալ այլ թատրոններում տարբեր տարիների ընթացքում կերտել է տասնյակ կերպարներ, հիմնականում գլխավոր հերոսների, որոնցից են՝ Նեզնամով («Անմեղ մեղավորներ»), Ժադով («Եկամտաբեր պաշտոն»), Կրիչինսկի («Կրիչինսկու հարսանիքը»), Պեպո (համանուն պիեսում), Գառնակերյան («Փորձադաշտ»), Ֆերդինանտ («Սեր և խարդախվանք»), Օգսեն («Պաղտասար աղբար»), Կորրադո («Ոճրագործի ընտանիքը»), Օթարյան («Պատվի համար») և այլն:
1956 թ. ստացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչում, իսկ 1972 թ. ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում:
Արխիվը մշակել է ԳԱԹ-ի թատերարվեստի բաժնի ավագ գիտաշխատող ԳԱՅԱՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ։