Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում ապրիլի 5-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվեց «Հայ մտավորականները ֆրանկոֆոն մշակույթում» խորագիրը կրող ցուցադրությունը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի համատեղ կազմակերպած ցուցադրությանը ներկայացված էին ֆրանկոֆոն երկրներում ստեղծագործական գործունեություն ծավալած հայ անվանի մտավորականների լուսանկարներ, ձեռագրեր, գրքերի ձևավորումներ, մամուլի հրապարակումներ, ազդագրեր, մասնավորպես՝ Երվանդ Քոչարի գրաֆիկ աշխատանքներից «Անրի Բարբյուսի դիմանկարը», եգիպտահայ նշանավոր ծաղրանկարիչ Ալեքսանդր Սարուխանի «Ընկեր Փանջունի» (Ե. Օտյան, 1938), «Մեծապատիվ մուրացկաններ» (Հակոբ Պարոնյան, 1962) երկերի պատկերազարդումները, Ժանսեմի՝ Ֆրանսիացի հեղինակների գրքերի ձևավորումներից, Էդգար Շահինի գրաֆիկական արվեստի աշխատանքները, Արշակ Չոպանյանի Փարիզում հրատարակած «Անահիտ», «Ապագա» ամսագրերի օրինակներ և այլն: