Մայիսի 18-ին կրկնակի տոնական եռուզեռ էր Գրականության և արվեստի թանգարանում՝ պայմանավորված «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիայի և «Թանգարանների միջազգային օրվա» համընկմամբ:

Վաղ առավոտից այցելուները հնարավորություն ունեցան անվճար շրջելու թանգարանում, ծանոթանալու թանգարանի մշտական ցուցադրությանը, մասնակցելու տարբեր միջոցառումների:

Միջոցառումները մեկնարկեցին «Հայտնվիր «Խաթաբալա» ֆիլմում» ինտերակտիվ ծրագրով, որի շրջանակում այցելուները լուսանկարվեցին «Խաթաբալա» ֆիլմի մեծադիր լուսանկարի ֆոնին և ներբեռնելով ARize մոբայլ հավելվածը՝ «հայտվեցին» վերոնշյալ ֆիլմի դրվագներից մեկում: Ժամը 18:00- ին բացվեց երաժշտագետ Սաշա Օգանիզաշվիլու 130-ամյակին նվիրված ցուցադրություն: Ներկայացված էին Օգանիզաշվիլու երաժշտական գործունեությանը նվիրված արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր և ազգային նվագարաններ:              

Այնուհետև «Հեքիաթերեն» ինտերակտիվ տիկնիկային թատրոնի աջակցությամբ մեր փոքրիկ այցելուները մասնակցեցին  Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն», «Պոչատ աղվեսը», «Ճամփորդները» հեքիաթների ինտերակտիվ բեմականացմանը: Թանգարանային տոնախմբությունը եզրափակվեց «Կիթառս ու ես» համերգ-ֆլեշմոբով, որի ընթացքում կիթառի նվագակցությամբ հնչեցին քաղաքային ռոմանսներ, հայրենասիրական երգեր և համաշխարահյին հիթեր: