Սեպտեմբերի 18-ին Գրականության և արվեստի թանգարանում բացվեց մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Ազնավուրի մանկության թատրոնը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որով սկիզբ դրվեց «Պատում մեկ իրի» ցուցադրությունների շարքին:
Բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանի ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի բացման խոսքերով, որոնց հաջորդեց նոր ցուցասրահի բացումն ազդարարող կարմիր ժապավենի կտրման արարողությունը:
Սյուզաննա Խոջամիրյանի ուղեկցությամբ ցուցասրահում շրջայց կատարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ծանոթանալով ներկայացվող ցուցանմուշներին:
«Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրության առանցքային մաս է կազմել բացառիկ նմուշ հանդիսացող՝ Ազնավուրի առաջին բեմական զգեստը, որը թանգարանին է փոխանցել շանսոնյեի հորաքույրը՝ Աստղիկ Երամյանը: Ներկայացված էին նաև Ազնավուրի մանկության լուսանկարներ, ներկայացումների ծրագրեր և ազդագրեր:
Ցուցասրահում տեղ էր գտել ևս մեկ եզակի նմուշ՝ հայազգի անվանի դաշնակահար, կոմպոզիտոր Ստեփան Էլմասի ռոյալը, որով երիտասարդ դաշնակահար Վարդան Խաչատրյանը կատարեց Շառլ Ազնավուրի սիրված երգերը: