Սեպտեմբերի 26-ին լրանցավ երգահան, բանահավաք, կոմպոզիտոր Կոմիտասի ծննդյան 155-ամյակը:

Հոբելյանական օրվա շրջանակում Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի ունեցավ Վարդապետի հիշատակի խնկարկման արարողություն, որին հաջորդեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Ե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի համատեղ կազմակերպած «Փարիզյան հանդիպումներ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսի բացումը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Ցուցահանդեսը նվիրված է Կոմիտասի 155 և դաշնակահարուհի, երգչուհի, մանկավարժ, Վարդապետի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանի ծննդյան 150-ամյակներին։ ​​Ցուցադրության շրջանակում ներկայացված են արխիվային փաստաթղթեր և լուսանկարներ Գրականության և արվեստի թանգարանից, կտավներ՝ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, վավերագրեր և լուսանկարներ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտից, ինչպես նաև Լալուա ընտանիքի արխիվից:

Ցուցադրության բացման խոսքով հանդես եկան Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը և երաժիշտ, խմբավար Ալեքսանդր Սանոսյանը:

Բացման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը ցուցադրության համադրող, ԳԱԹ գիտքարտուղար Մարինե Հարոյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին նորաբաց ցուցադրությունում: