Այսօր Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԿԵՐՏՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ համաեվրոպական ստեղծագործական մրցույթի մամուլի ասուլիսը։

ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ համաեվրոպական ստեղծագործական այս մրցույթը երկրորդ տարին է կազմակերպում է Գրականության և արվեստի թանգարանը։
Աբովյան քաղաքը ներկայացնող «ՀԱՅելիցներ» խումբը, որը հաղթել էր 2023-2024թթ մրցույթում, օրերս վերադարձավ Փարիզ-Ստրասբուրգ ճամփորդությունից։ Խմբի անդամներ Մանեն, Ինգան, Լիանան և Խաչատուրը մամուլի ասուլիսին ներկաների հետ կիսեցին իրենց ոգևորությունն ու հորդորեցին հայ պատանիներին մասնակցել մրցույթին։

Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, ԳԱԹ մարքեթինգային ծրագրերի պատասխանատու Հասմիկ Հախվերդյանը, գրող, մրցույթի գնահատող հանձնաժողովի անդամ գրող Անուշ Թասալյանը, ՀԱՅելիցներ խմբի մենթոր Գայանե Հովհաննիսյանը։

Ժառանգության ապագան երիտասարդների ձեռքերում է գիտակցելով սա, այս տարի ևս հրավիրում ենք հայ շնորհալիներին ազգային ժառանգությունը արժանիորեն ներկայացնելու այս համաեվրոպական հարթակում։ Մրցույթին կարող են մասնակցել 18 տարին չլրացած պատանիները՝ հետևյալ տարիքային խմբերում



6-11 տարեկան (2013-2018 թթ ծնված երեխաներ)

11-17 տարեկան (2007-2013 թթ ծնված պատանիներ)



2024 թ. Եվրոպական ժառանգության օրերը կանցնեն «Ուղիներ, ցանցեր և կապեր» խորագրի ներքո: Ինչպիսի՞ պատմական, առևտրային, մշակութային ուղիներով է շաղկապված Եվրոպայի ժառանգությունը։ Ինչպե՛ս են այս կապերը ձևավորել Եվրոպայի ընդհանուր պատմությունը։ Մասնակիցները պետք է բացահայտեն պատմություններ մեր ընդհանուր ժառանգության մասին:

Հաղթողները կստանան պարգևներ ինչպես ազգային, այնպես էլ եվրոպական մակարդակներում: Յուրաքանչյուր տարիքային կատեգորիայում ազգային մրցույթի հաղթողների լավագույն հնգյակը կստանա հատուկ մրցանակ՝ ‹‹բարի պայուսակներ›› և վկայականներ: 11-17 տարիքային խմբի համաեվրոպական մրցույթի հաղթողները 2025 թվականին կհրավիրվեն Ստրասբուրգ, որտեղ նրանց աշխատանքները կներառվեն հատուկ ցուցահանդեսում:

2024-2025 թթ մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև սթ հոկտեմբերի 31-ը՝ https://forms.gle/E16XKgQXjL345hz56 հղումով։
Հայաստանյան ստեղծագործական փուլը կտևի 01112024 – 28122024թթ։
21 հոգուց բաղկացած ազգային ժյուրին մրցույթը կամփոփի 2025թ հունվարի 28-ին, որից հետո մեր ազգային հաղթողը կներկայացվի եվրոպական ժյուրիի դատին։
2025թ մարտին կհայտարարվեն համաեվրոպական մրցույթի հաղթողները, ովքեր նույն տարվա մայիսին կմեկնեն Ստրասբուրգ։
Այս տարի մրցույթին մասնակցում են հետևյալ երկրները՝ Հայաստան, Ֆինլանդիա, Իռլանդիա, Իտալիա, Հյուսիսային Մակեդոնիա, Մոնտենեգրո, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Պորտուգալիա, Լեհաստան և Ուկրաինա։

Տես 2024թ Հայաստանի և Եվրոպայի հաղթողները՝ հղումներով https://www.europeanheritagedays.com/node/427776
https://youtube.com/playlist?list=PLAs_lS3RikQzwfapxzRtxdtFlquZPFIkx&si=AfK3jJIo1FW0rT8Y

Մանրամասների համար զանգահարել ԳԱԹ գիտացուցադրական, հանրահռչակման և մարքեթինգի բաժին` (010) 54-34-63 հեռախոսահամարով: