Հոկտեմբերի 24-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ հուշ- ցերեկույթ՝ նվիրված դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան 95-ամյա հոբելյանին։
Հոբելյանական միջոցառումը մեկնարկեց Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանի բացման խոսքով, որին հաջորդեցին անվանի արվեստագետների և այլ հյուրերի ելույթները:
Մեծանուն դերասանի մասին իրենց հուշերով կիսվեցին կինոգետներ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Դավիթ Մուրադյանը և Անետա Երզնկյանը, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը, դերասանուհի, բազմաթիվ սիրված ֆիլմերում Ս. Սարգսյանի խաղընկեր Սոֆիկ Սարգսյանը, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ով իր ելույթից հետո կարատեց նաև «Էլեգիա» ստեղծագործությունը:
Հատկապես հուզական էր դերասանի կնոջ՝ Նելլի Սարգսյանի ելութը, որի ընթացքում ներկաները բացահայտեցին նաև Սոս Սարգսյան անհատին՝ կերպարից դուրս:
Միջոցառման ընթացքում Սարգսյանի անունը կրող Համազգային թատրոնի դերասանները ընթերցեցին հատվածներ Սոս Սարգսյանի «Ոտնամաններս» գրքից:
Հոբելյանական միջոցառման շրջանակում Գրականության և արվեստի թանգարանում բացվեց նաև ժամանակավոր ցուցադրություն, որը ներկայացնում է մեծանուն արտիստի կյանքն ու ստեղծագործական ուղին։
Ի դեպ, ցուցադրության շրջանակում ներկայացվող նյութերի մեծ մասը Սոս Սարգսյանն անձամբ է նվիրաբերել Գրականության և արվեստի թանգարանին: