Գրականության և արվեստի թանգարանում դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակի հուշադրամի և արխիվային ֆոնդի նվիրատվության արարողությունը: Հուշադրամը թանգարանին նվիրեց ՀՀ Կենտրոնական բանկը: Մեծանուն երգչուհու դուստրը՝ Սեդա Գասպարյանը, թանգարանին նվիրեց վերջինիս արխիվային ֆոնդի զգալի մասը:

ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն իր խոսքում նշեց, որ ֆոնդը գիտական շրջանառության մեջ կդրվի, և հույս հայտնեց, որ այն պարբերաբար կհամալրվի նոր նյութերով:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանն իր ելույթում կարևորեց թանգարանի հետ համագործակցության այսօրինակ մեկնարկը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ԳԱԹ-ը կրում է Եղիշե Չարենցի անունը, Կենտրոնական բանկի կողմից թանգարանին նվիրաբերվեց նաև Չարենցի պատկերով թողարկված առաջին թղթադրամներից մեկը:

ԿԲ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան շրջելու թանգարանի ցուցասրահներում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համատեղ նախագծերի շուրջ: