Ե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ Նյու-Յորքի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, գրող-հրապարակախոս Յակոբ Այնթապլեանի և դաշնակահար, կոմպոզիտոր Մարգարիտ Սարգսյանի «Մայրս» երգի տեսահոլովակի շնորհանդեսը։ Յ Այնթապլեանը նշանավոր սրտաբան է, ով նաև գրական-հրապարակախոսական գործունեությամբ է զբաղվում, նրա գործունեության առանցքում կարևոր տեղ են զբաղեցնում հայրենատիրությանն ու հայոց լեզվի անաղարտության պահպանմանն առնչվող հարցեր։ Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն իր խոսքում անդրադարձավ Յակոբ Այնթապլեանի գործունեության տարբեր ուղղություններին՝ առանձնակի կարևորելով միասնական հայերեն լեզվի ուղղությամբ Յ Այնթապլեանի կողմից իրականացվող գործունեությանը։ Կոմպոզիտոր Մարգարիտ Սարգսյանի բնորոշմամբ՝ Յակոբ Այնթապլեանի գրականությունն անչափ ինքնատիպ է և այն երգի վերածելու ընթացքը դյուրին չի լինում։ «Այնթապլեանի բանաստեղծությունները շատ անձնական են և միևնույն ժամանակ համամարդկային։ Այնթապլեան բանաստեղծն ու հայը այստեղ մեզ են ներկայանում նոր խոսքով, Այնթապլեան մտավորականն ու մայրապաշտ զավակը մեզ ասում են այնպիսի ճշմարտություններ, որոնց մասին անհրաժեշտ է երկար խորհել»,- նշեց իր ելույթում Մարգարիտ Սարգսյանը։ «Մայրս» երգը կատարում են տաղանդաշատ երգիչներ Լուիզա Երեմյանն ու Դավիթ Խաչատրյանը։ Տեսահոլովակի շնորհանդեսին հեռավար տարբերակով իր ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Յ Այնթապլեանը։ Հանդիսությունը եզրափակվեց Լուիզա Երեմյանի և Վարդան Խաչատրյանի կատարումներով։