Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Գրականության և արվեստի թանգարանում բացվեց «Ընծայագիր․ գիրք նվիրելու արվեստ» ժամանակավոր ցուցադրությունը:
Այցելուները հնարավորություն ունեցան բացահայտելու ընծայագրման մշակույթը՝ ծանոթանալով թանգարանի ֆոնդերից առանձնացված բացառիկ գրքերին, որոնք նվիրել են նշանավոր հայ, արևմտահայ և օտարազգի մտավորականները։ Յուրաքանչյուր ընծայագիր դարձավ մի պատմություն՝ խոսուն վկայություն գրական կապերի, բարեկամության ու երախտագիտության մասին։
Ցուցադրված գրքերը հիացրին ոչ միայն իրենց բովանդակությամբ, այլև՝ ինքնատիպ ձևավորումներով, անկրկնելի ձեռագրերով ու ջերմ գրառումներով։ Գրքի նվիրատվությունը ևս մեկ անգամ վերածվեց արվեստի, որը միավորում է սերունդներին։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեզ հետ վերապրեցին այս բացառիկ գրական պահերը՝ կիսելով իրենց սերը գրքի ու ընծայագրման մշակույթի հանդեպ։