Փետրվարի 15-ին Գրականության և արվեստի թանգարանում համատեղությամբ նշեցինք սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն ու Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակը։
Թանգարանում տեղադրված տուփից բացիկ հանելով՝ այցելուները հնարավորություն ունեցան տերյանական խոստովանություններով արտահայտելու իրենց զգացմունքները։ Յուրաքանչյուր խոսք դառնում էր սիրո խոստովանություն՝ ստեղծելով քնքուշ ու երազային մթնոլորտ։ Այս տարի Գրականության և արվեստի թանգարանին էր միացել նաև «Բուկինիստ» գրախանութի «Գաղտնի գրքասեր» նախաձեռնությունը․ տերյանական էջանիշերը ոչ միայն գեղեցիկ նվեր դարձան գրքասերների համար, այլև նրանց ընձեռեցին թանգարանի անվճար շրջայցի հնարավորություն։