Այսօր Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր, գեղանկարիչ Վլադիմիր Քոչարյանի ծննդյան 75-ամյա հոբելյանին նվիրված ժամանակավոր ցուցադրության բացումը։
Թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը ողջունեց ներկաներին՝ նշելով, որ Վ. Քոչարյանին նվիրված ցուցադրության միջոցով հնարավոր է վերապրել, վերհիշել և վերարժևորել նրա թողած անգնահատելի ժառանգությունը։ Ս․ Խոջամիրյանը մեծարժեք արխիվային վավերագրերի նվիրատվության համար շնորհակալություն հայտնեց արվեստագետի ընտանիքին՝ կարևորելով նաև թանգարանի առաքելությունը՝ գիտական շրջանառության մեջ դնելու դրանք։
Թանգարանի կինոարվեստի բաժնի վարիչ Արփինե Ասլանյանը ներկայացրեց Վ․ Քոչարյանի կյանքը և գործունեությունը, ներկաները դիտեցին արվեստագետի մասին պատմող ուշագրավ տեսանյութ: Ելույթներով հանդես եկան Վ․ Քոչարյանի կինը և խաղընկերը՝ դերասանուհի Կարինե Քոչարյանը, բեմադրիչ և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը, Վ․ Քոչարյանի որդին՝ ռեժիսոր և լուսանկարիչ Հայկ Քոչարյանը, դերասանուհի և ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանը, կինոգետ և կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը։ Նրանք կիսվեցին Վ․ Քոչարյանի մասին իրենց թանկ հուշերով՝ ներկայացնելով նրան որպես արվեստագետ, հոգատար ամուսին, հայր և ընկեր, ով ուներ ազնվական, լուսավոր կեցվածք և մագնիսի պես ձգում էր բոլորին՝ ապրելով ու շնչելով արվեստով։