Ապրիլի 8-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Նովալիսյան սրահ» գեղարվեստական ինստալյացիայի և Կորգանովի հավաքածուի գերմաներեն վավերագրերի ժամանակավոր ցուցադրության բացումը։
Ողջույնի խոսքով հանդես եկան թանգարանի տնօրեն Ս. Խոջամիրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Քոչարյանը, Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Ռ. Ռոբրան, հայաստանյան Գյոթե ինստիտուտի տնօրեն Յ. Քյուհլինգը, Սաքսոնիա-Անհալթի Արվեստի հիմնադրամի տնօրեն Մ. Բուրսիանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը և արվեստագետ Ս. Գերսթենգարբեն։
Ս. Խոջամիրյանը, շնորհակալություն հայտնելով գործընկերներին, նշեց, որ այսօրինակ ձեռնարկները միջազգային համագործակցության նոր ձևաչափ են ստեղծում` համադրելով դասականն ու ժամանակակիցը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ա. Քոչարյանը և Ա. Մարտիրոսյանը բարձր գնահատեցին հայ-գերմանական երկարամյա արդյունավետ համագործակցությունը` դիվանագիտության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում, ինչի արդյունքում հարստանում են երկու բարեկամ ժողովուրդների մշակույթները։
Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Ռ. Ռոբրան հիշատակեց դեռևս 2022թ. գերմանական ռոմանտիզմի կարկառուն ներկայացուցիչ Նովալիսի ծննդյան 250-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որի շրջանակում նրա կյանքն ու ստեղծագործություններն արժևորվեցին 30 ժամանակակից արվեստագետների կողմից, որոնցից մեկը` Սեբասթիան Գերսթենգարբեն, այսօր արդեն ստեղծել է Նովալիսին նվիրված գեղարվեստական ինստալյացիան` Գրականության և արվեստի թանգարանում: Գրականության և արվեստի թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց հրապարակախոս, հավաքորդ Վասիլի Կորգանովի հավաքածուից գերմաներեն վավերագրերի ցուցադրությունը, որոնց շարքում է նաև Մոցարտին վերագրող նամակը: