Հայ կինոյի օրը՝ ապրիլի 16-ին, Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Ֆրունզիկ Մկրտչյան. չգրված հետադարձ հայացք...» գրքի շնորհանդեսը և հանդիպում գրքի հեղինակի՝ կինոգետ, խմբագիր Ռոբերտ Մաթոսյանի հետ։ Այս գիրքը մեծ արտիստի՝ Մհեր Մկրտչյանի չգրված մենախոսությունն է, որը Ռոբերտ Մաթոսյանը ձայնագրել է ավելի քան 40 տարի առաջ:
«1984թ․ տեղեկացա, որ ստացվել է Ֆրունզիկ Մկրտչյանին «ԽՍՀՄ ժողովրդական արտիստ» պատվավոր կոչմանն արժանացնելու հրամանագիրը և առաջիններից մեկը զանգահարեցի ու շնորհավորեցի։ Ասաց՝ խոսելու կարևոր բան ունեմ, արի տուն։ Ուսից կախվող դիկտաֆոն-ձայնագրիչը վերցրի և գնացի նրանց տուն։ Հենց սկզբից հումորի տոպրակը բացեց, իրեն հատուկ ժպիտով ասաց՝ իսկ ինչ է, փոխվե՞լ եմ որ, նույն Ֆրունզիկը չե՞մ։ Մհեր Մկրտչյանի՝ ինձ տուն հրավիրելու պատճառներից մեկն էլ իր առաջարկությունն էր, որ ինչպիսի հանդիպման, ուր էլ որ գնար, իրենց միանամ։ Դա ինձ համար կրկնակի երջանկություն էր՝ մեկ անգամ ևս տեսնել նրա նկատմամբ համաժողովրդական սերը, նրա խոսելը, մարդկանց խինդն ու ծիծաղը զգալը, նրան ձայնագրելը, մեծագույն տոնախմբությանն ականատես լինելը․․․»․ Ռոբերտ Մաթոսյան