Ապրիլի 23-ին Գրականության և արվեստի թանգարանում բացվեց «Տերյանը՝ ուսանող» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Վահան Տերյանի 140-ամյա հոբելյանին: Ցուցադրությունը բացառիկ հնարավորություն է տալիս հաղորդակցվելու Տերյանի կյանքի մի մեծ և կարևոր շրջափուլին՝ ուսանողական տարիներին, որոնք որոշիչ դեր են ունեցել նրա անձնական և ստեղծագործական կյանքում։
Տերյանի ուսանողական տետրերը, ծոցատետրը, նամակները, Լազարյան ճեմարանի պարտադիր առարկայացանկը, «Ուսանող» և «Ընկեր» թերթերը, Տերյանի ավարտական վկայականը, ճեմարանին նվիրված բանաստեղծության ինքնագիրը, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի առաջին հրատարակությունը, համալսարանական մուտքի տոմսերը և շատ ավելին․ ցուցադրությունում ամփոփված են Մոսկվայի Լազարյան ճեմարանի, Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական և Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետներում ուսանելու տարիներին առնչվող արժեքավոր վավերագրեր, ինչպես նաև Տերյանի բացառիկ լուսանկարը Բուտիրկա բանտից, որտեղ հայտնվել էր իր քաղաքական հայացքների և ակտիվության համար: