Ս. թ. սեպտեմբերի 18-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ բանասիրական գիտությունների դոկտոր Ռուզան Արիստակեսյանի աշխատասիրությամբ լույս տեսած «Գրական վավերագրեր (1920-1930-ական թվականներ)» քառահատորյակի առաջին գրքի շնորհանդեսը:

Գիրքը ներկայացնում է 1920-1930-ական թվականների խորհրդահայ մամուլում տեղ գտած տեսական-քննադատական նյութեր, գրական քաղաքականությանն առնչվող հոդվածներ, ելույթներ, խմբագրականներ, կուսակցական որոշումներ, գրական կյանքի անցուդարձ, գրական-մարդկային հարաբերություններ և այլն: Այն բացառիկ է իր ծավալայնությամբ, նորահայտ բազմաթիվ վավերագրերի ընդգրկվածությամբ, բնագրագիտական լուրջ և ծանրակշիռ աշխատանքով: Սա 1920-1930-ական թվականների գրական կյանքի յուրատեսակ հանրագիտարան է, որն ամփոփում է ժամանակի գրական-հոգևոր կյանքի հավաքական հիշողությունը:

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, ելույթ ունեցան նաև գրականագետներ Դավիթ Գասպարյանը, Արմեն Ավանեսյանը, Աբգար Ափինյանը, բանաստեղծ Արմեն Դավթյանը, լեզվաբան Նարինե Դիլբարյանը, իսկ Մայր Աթոռ սբ. Էջմիածնի միաբան հայր Անանիա վարդապետ Ծատուրյանի ձեռամբ անցկացվեց օրհնության կարգ:

Միջոցառումը եզրափակվեց հեղինակի՝ Ռուզան Արիստակեսյանի խոսքով. վերջինս հանգամանորեն ներկայացրեց ծավալուն ձեռնարկի ստեղծման պատմությունը, որը տևել է տասներեք տարի: