Հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի անունը կրող գրականության և արվեստի թանգարանը գործում է շուրջ հարյուր տարի և Հայաստանի Հանրապետության խոշորագույն մշակութային օջախներից է: Այն ընդգրկում է 18-րդ դարից մինչև նորագույն ժամանակաշրջանի գրականության, թատերարվեստի, երաժշտարվեստի և կինոարվեստի գրեթե բոլոր խոշոր գործիչների արխիվները և այդ շրջանում գործած մշակութային և կրթական հաստատություններին վերաբերող հավաքածուներ:
Ցուցադրությունը կազմակերպված է 5 ցուցասրահներում/ ընդհանուր մակերեսը 300ք.մ/, որոնցից առաջին 2-ում ներկայացված է հայ գրականությունը, 3-րդում` թատերարվեստը, 4-րդում` կինոարվեստը, 5-րդում` երաժշտարվեստը: Ցուցադրված նյութերը պատմում են ոչ միայն գրականության և արվեստի հարյուրավոր երախտավորների, այլև հայ իրականության մեջ նշանակալի հետք թողած կրթական / դպրոցներ, վարժարաններ, ճեմարաններ/, գիտական, մշակութային հաստատությունների, գրական, երաժշտական, թատերական խմբերի, միությունների, նշանավոր պարբերականների խմբագրությունների մասին: Նյութերի բազմազանությունը աներևակայելիորեն լայն է` գեղարվեստական, գիտական, ազզգագրական, մանկավարժական, հուշագրական երկերի ձեռագրեր, նամակներ, փաստաթղթեր, վավերագրեր, նոտաներ, լուսանկարներ, հրավիրատոմսեր, ազդագրեր, նվագարաններ, անձնական և բեմական հագուստ, կահույք, սպասք, հուշանվերներ, պետական պարգևներ, շքանշաններ, մեդալներ, զենքեր, կինոսարքավորումներ, հնատիպ գրքեր, մամուլ և այլն, և այլն:
Այս ամենից զատ, բոլոր 5 ցուցասրահները հագեցած են ներկայացված գործիչներին պատկերող կամ նրանց ստեղծագործությունը հանդիսացող կերպարվեստի արժեքներով` կտավներով, մատիտանկարներով, ծաղրանկարներով, քանդակներով: Սրահների գունային ձևավորումը ևս ինքնանպատակ չէ: Գրականության 2 սրահներում իշխում է թանաքագույնը, իսկ թատրոնի և երաժշտարվեստի սրահներում` կարմրաշագանակագույնը /թատրոններում և համերգասրահներում առավել ընդունված գույները/: