Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Փարիզյան հանդիպումներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված հայ դաշնակահարուհի, երգչուհի, երաժշտագետ, մանկավարժ, Վարդապետի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանի ծննդյան 150-ամյակին։

Գրականության և արվեստի թանգարանի ու Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համատեղ ցուցադրության շրջանակում կներկայացվի շուրջ 200 արխիվային փաստաթուղթ, լուսանկարներ, կտավներ՝ Գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հավաքածուներից, ինչպես նաև Լալուա ընտանիքի անձնական արխիվից:

«Փարիզյան հանդիպումներ» ցուցադրությունը Մարգարիտ Բաբայանի, նրա ընտանիքի և XX դարի առաջին կեսի ֆրանսիական երաժշտական բոհեմի մասին է, երբ Ֆրանսիայի մայրաքաղաքը համաշխարհային մշակույթի կենտրոնն էր, և տարբեր երկրների արվեստագետներ, այդ թվում՝ հայերը, ձգտում էին դեպի Փարիզ։

Ցուցադրության տարբեր բաժիններ նվիրված կլինեն Մարգարիտ Բաբայանի երաժշտական և մանկավարժական գործունեությանը, մեկ առանձին բաժին էլ կներկայացնի Մարգարիտ Բաբայանի և Կոմիտասի մտերմության մասին՝ նրանց նամակագրության միջոցով։ Ցուցադրության տեսաձայնային հատվածում հնարավոր կլինի ունկնդրել երգչուհու ձայնը, դիտել տեսաֆիլմ, որտեղ իրենց հուշերով են կիսվում դաշնակահար, դիրիժոր Ալեքսանդր Սիրանոսյանը, ինչպես նաև Լուի Լալուայի և Շուշիկ Լալուա-Բաբայանի թոռը՝ Վենսան Լալուան։

Ցուցադրության համադրող՝ Մարինե Հարոյան
Օրը՝ սեպտեմբերի 26
Վայրը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց պող. 28
Մանրամասների համար զանգահարե՛ք՝ +374 11 570570