«Եվրոպական ժառանգության օրեր» ամենամյա ծրագրի շրջանակներում Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կայացավ «Ալեքսանդր Սպենդիարյան-145» խորագրով համերգ-ցուցադրությունը՝ նվիրված մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 145-ամյակին: Միջոցառումը կազմակերպվել էր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հետ համատեղ:
Բացման խոսքով հանդես եկավ Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, իսկ Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը ներկայացրեց կոմպոզիտորի կանքն ու գործը: Միջոցառման համերգային մասում հնչեցին Ա. Սպենդիարյանի ռոմանսները՝ օպերային մեներգիչներ Նարինե Անանիկյանի, Դիանա Հարությունյանի և Անդրանիկ Մալխասյանի կատարմամբ` ԵՊԿ պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ: Մասնակիցներն ու հյուրերը ծանոթացան ժամանակավոր ցուցադրությանը, որտեղ ներկայացված էին կոմպոզիտորի կյանքին ու ստեղծագործություններին առնչվող նյութեր` լուսանկարներ, նամակներ, համերգային ծրագրեր ու ազդագրեր: