Կոմիտասի 150-ամյա հոբելյանի շրջանակներում ապրիլի 19-ին Գրականության և արվեստի թանգարանում բացվեց «Կոմիտասի գրչի խաղերը» խորագրով ցուցադրությունը:

Չնայած կյանքի հարուցած դժվարություններին, Կոմիտասը շատ լավատես և կատակասեր է եղել, ինչն էլ իր արտահայտությունն է գտել նամակներում, գծապատկերներում, ծածկագրերում: Ցուցադրությունում ներկայացված են հանճարեղ երաժշտի գրչի խաղերը, որոնք զվարճալի ու կատակային են, բայց միաժամանակ խորապես բովանդակալի։ Ցուցադրվեցին նաև գծապատկերներ, որոնցում Կոմիտասը տարբեր ազգերի մարդկանց դիմագծերի, ճարտարապետության և երաժշտության մեջ զուգահեռներ է անցկացրել, ձեռագրեր և նամակներ, որոնց մեջ հանդիպում ենք նոտաներով և թվերով ծածկագրերի և այլն:

Ցուցադրության բացմանը հաջորդեց կոմիտասյան երգերի համերգ՝ Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ: Ժողգործիքային և վոկալ կատարումներով հնչեցին Կոմիտասի «Կաքավիկ», «Ծիրանի ծառ», «Հաբրբան», «Հորովել», «Հոյ Նազան», «Գարունա» և այլ ստեղծագործություններ: