Գրականության և արվեստի թանգարանում կայացավ «Իմ ուղին» խորագրով երաժշտական ներկայացման առաջնախաղը՝ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում։ Ներկայացումը կազմակերպվել էր «Թատրոն թանգարանում» նախագծի շրջանակում, որը թանգարանն իրականացնում է դեռևս 2020 թ․-ից։ Ներկայացման ռեժիսորը և սցենարի հեղինակը Ռուզաննա Պետրոսյանն է, դերասաններն են Մարտին Միսակյանը և Հռիփսիմե Նահապետյանը, ով «Արտավազդ» 20-րդ թատերական մրցանակաբաշխության ժամանակ մրցանակի արժանացավ «լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում։ Պարերի բեմադրիչն է Հայարփի Զուռնաչյանը։

Ներկայացման սցենարը հիմնված է նշանավոր շանսոնիե Շառլ Ազնավուրի բանաստեղծությունների, ինչպես նաև Ազնավուրի և Էդիթ Պիաֆի երգերի վրա։