Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ավարտվել է կինոօպերատոր ԼԵՎՈՆ ԱԹՈՅԱՆՑԻ արխիվի գիտական մշակումը, և այն արդեն հասանելի է հանրությանը։

Լևոն Աթոյանցի արխիվն ընդգրկում է շուրջ 1500 գրանցման միավոր՝ սցենարներ, ֆիլմերի փաստաթղթեր, հոդվածներ, գրառումներ, պոզիտիվ և նեգատիվ ժապավեններ, կերպարվեստի գործեր, լուսանկարներ, այլ անձանց վավերագրեր, DVD սկավառակներ և այլ նյութեր։
Կինոօպերատոր, օպերատոր-բեմադրիչ Լևոն Աթոյանցը ծնվել է 1930 թ. Թիֆլիսում: 1951 թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1951-1954 թթ. սովորել է Լենինգրադի կինոճարտարագետների ինստիտուտում: Ուսման ընթացքում աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում՝ որպես օպերատոր։ Հոր հիվանդության պատճառով վերադարձել է Թիֆլիս։ 1954 թ. աշխատել է Թիֆլիսի մեքենաների վերանորոգման գործարանում՝ որպես արհեստավոր: 1955 թ. տեղափոխվել է Երևան: 1956 թ. աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես կինոօպերատոր: 1993 թ. աշխատել է հայկական հեռուստաընկերություններում:
Դասավանդել է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Արժանացել է «Հրաշալի կինո ԽՍՀՄ» մեդալի: Պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» ոսկե մեդալով: 2018 թ. պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Լևոն Աթոյանցը նկարահանել է ավելի քան 30 խաղարկային ֆիլմ՝ «Ավդոյի մեքենան» (1966), «Հեղնար աղբյուր» (1970), «Մորգանի խնամին» (1970), «Քաոս» (1973), «Սպիտակ ափեր» (1975), «Զինվորն ու փիղը» (1977), «Քարե հովիտ» («Բովտուն», 1977), «011 աքսորականը» (1978), «Խոշոր շահում» (1981), «Վառած լապտեր» (1983), որը Բեռլինի կինոփառատոնում արժանացել է ՖԻՊՐԵՍԻ-ի մրցանակին, «Հատակում» (1988), «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» (1992), «Աղետ» (1993) և այլն։
Աթոյանցը հարյուրից ավելի խաղարկային, վավերագրական, հեռուստատեսային, կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ է։ Նրա ստեղծագործական կյանքում երևույթ կարելի է համարել հայկական կինոյի առաջին բազմասերիանոց «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» ֆիլմի նկարահանումը։ Արձակագիր Զորայր Խալափյանի, կինոռեժիսոր Առնոլդ Աղաբաբովի հետ քառամյա աշխատանքի արդյունք է ֆիլմը։
Լևոն Աթոյանցը վախճանվել է 2021 թվականի սեպտեմբերի 24-ին, Երևանում։

Արխիվը մշակել է ԳԱԹ-ի կինոարվեստի բաժնի ավագ գիտաշխատող ՆԱՌԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։