Այստեղ են հանգրվանել հայ թատերական արվեստի գործիչներին վերաբերող 451 ֆոնդեր ու հավաքածուներ՝ 250.293 նյութերի ընդգրկմամբ: Հնագույն ֆոնդերից է դերասան, թատերագիր, բեմադրիչ, արեւելահայ թատրոնի հիմնադիրներից Գեւորգ Չմշկյանի ֆոնդը: Արժեքավոր են նաեւ հայ բեմի մյուս խոշորագույն վարպետներ Պ. Ադամյանի, Սիրանույշի, Հ. Աբելյանի, Ա. Ոսկանյանի, Վ. Վաղարշյանի, Վ. Փափազյանի, անվանի բեմադրիչներ Ա. Գուլակյանի, Ա. Բուրջալյանի, Լ. Քալանթարի եւ այլոց ֆոնդերը
Այստեղ են պահպանվում նաեւ տարբեր ժամանակներում ու վայրերում հանդես եկած հայ թատերախմբերի ու թատրոնների, ինչպես նաեւ զանազան մշակութային հիմնարկների ֆոնդեր, ձեռագիր պիեսներ, թատերական հուշերի ու մատենագիտական նյութերի հավաքածուներ Ֆոնդային այս բաժնին առանձնակի շուք են տալիս եւ ըստ հարկի հանրությանն են ցուցադրվում դերասանների բեմական զգեստներն ու իրերը: Թանկարժեք մասունքներ են հատկապես Պետրոս Ադամյանի մարմնավորած Համլետի, Ուրիել Ակոստայի, Օթելլոյի զգեստները: Ադամյանի ֆոնդում պահպանվում են նաեւ նրա ստեղծած ընտիր գեղանկարներն ու գծանկարները, ինչպես նաեւ նրան պատկանած մի շարք խոշոր հեղինակների նկարչական գործեր:
Ուշագրավ բեմական իրեր, զարդեր ու կերպարվեստի գործեր կան նաեւ այլ դերասան-դերասանուհիների ֆոնդերում:

Թատերական ֆոնդերից զատ թանգարան են մուտք գործել եւ շուրջ 57 000 նյութերի ընդգրկմամբ առանձին ենթաբաժին են կազմել նաեւ թատերական բեմադրությունների ու զգեստների էսքիզներ, մակետներ, բեմական նշանավոր գործիչների դիմանկարներ, դիմաքանդակներ, մահադիմակներ, ամենատարբեր բնույթի հազարավոր լուսանկարներ: Այստեղ առկա են նաեւ հայ թատրոնի հնագույն շրջանին առնչվող բրոնզեդարյա արձանիկներ

Այս հարուստ նյութի հիման վրա ըստ ամենայնի լուսաբանվում են հատկապես 19-20-րդ դարերի հայ թատրոնի անցած ուղին, նրա հարուստ միջազգային առնչությունները