Մշտական ցուցադրություն 

Հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի անունը կրող գրականության և արվեստի թանգարանը գործում է շուրջ  հարյուր տարի և Հայաստանի Հանրապետության խոշորագույն մշակութային օջախներից է: Այն ընդգրկում է 18-րդ դարից մինչև նորագույն ժամանակաշրջանի գրականության, թատերարվեստի, երաժշտարվեստի և կինոարվեստի գրեթե բոլոր խոշոր գործիչների արխիվները և այդ շրջանում գործած մշակութային և կրթական հաստատություններին վերաբերող հավաքածուներ:Ավելին...

 

ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԱՐՎԵՍՏ

«Միջին Արևելքի արվեստ»  ցուցադրությունը  ներառում է ամերիկահայ նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի հավաքածուն, որը ընդգրկում է 2500 բնօրինակ ցուցանմուշներ: Հավաքածուն Մ. Գրիգորյանը նվիրաբերել է Հայաստանին 1993թ.:  Ավելին...

ԱԶԴ

09 հուլիսի

14:00

Թե ինչպես փրկվեց Չարենցի դիմանկարը. լինոփորագրության աշխատատրան

«Մարտիրոս Սարյան․ ծանոթ և անծանոթ դեմքեր» ցուցադրության ավարտին Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա լինոփորագրության աշխատարան 6-13 տարեկան երեխաների համար։

 

Ծրագրի ընթացքում՝ 

•Կծանոթանանք Սարյանի՝ Չարենցի կտավի առեղծվածային պատմությանը,
• Կդիտենք «Մարտիրոս Սարյան․ ծանոթ և անծանոթ դեմքեր» ցուցադրությունը զբոսավարի ուղեկցությամբ,
• Լինոփորագրության աշխատարանի միջոցով կստեղծենք Չարենցի դիմանկարի մեր տարբերակը,
• Կամփոփենք Սարյանի 145-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրությունը՝ մեզ հետ տանելով մեր ստեղծագործությունները։

 

 

Մասնակիցները լինոլիումի վրա փորագրված պատկերը հատուկ տեխնիկայով կվերատպեն թղթի վրա՝ իբրև Չարենցի դիմանկարը փրկելու սեփական փորձ։

Աշխատարանի ղեկավար՝ Սարգիս Հովհաննիսյան
Ծրագրի տևողությունը՝ 1ժամ 30 րոպե

02 հուլիսի

11:00

Սպիրիդոն Մելիքյան-145. ժամանակավոր ցուցադրություն

Գրականության և արվեստի թանգարանը սիրով հրավիրում է կոմպոզիտոր, խմբավար, ազգագրագետ և մանկավարժ, երաժշտության տեսաբան Սպիրիդոն Մելիքյանի 145-ամյակին նվիրված ցուցադրության բացմանը հուլիսի 2-ին՝ ժամը 11։00-ին։

 

Կոմիտասի աշակերտ և օգնական Սպ․ Մելիքյանը շարունակեց իր բազմաշնորհ ուսուցչի ստեղծած առաջադիմական ավանդույթը՝ տևական ջանքեր գործադրելով հայ ժողովրդական երգերի ու պարերի հավաքման, ձայնագրման, գեղարվեստական մշակման և ուսումնասիրության ուղղությամբ։ Սպ․ Մելիքյանը համարվել է հայ երաժշտական ֆոլկլորի խոշոր գիտակը Կոմիտասից հետո։ Նա տարված էր հայ պրոֆեսիոնալ երաժշտության զարգացման լայն հեռանկարով և երաժշտական մշակույթի հանրահռչակման երազանքով, որին էլ միտված էր Թիֆլիսում, Երևանում, Մոսկվայում ծավալած նրա արգասավոր գործունեությունը։

 

«Սպիրիդոն Մելիքյան-145» ցուցադրության շրջանակում կներկայացվի կոմպոզիտորի գործունեության և թողած երաժշտական ժառանգության խոսուն նմուշները՝ ինքնագիր նամակներ, նոտագրություններ, երաժշտական ուսումնասիրություններ, լուսանկարներ, անձնական իրեր, որոնք պատկանում են ԳԱԹ-ի հավաքածուին։
Ցուցադրության համադրող՝ Ցողիկ Բեքարյան, Երաժշտական բաժնի վարիչ

 

Ցուցադրությունը կգործի մեկ ամիս:

31 մայիսի

11:00

Հիշողության սլաքներ. ժամանակավոր ցուցադրություն

Գրականության և արվեստի թանգարանում մայիսի 31-ից հուլիսի 30-ը կգործի «Հիշողության սլաքներ» բացառիկ ցուցադրությունը։ Առաջին անգամ կցուցադրվեն հայ մեծերի՝ գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի երևելիների անձնական ժամացույցները, որոնցից յուրաքանչյուրի սլաքները կանգ են առել հիշողության մի ակնթարթում․․․ 

Ցուցադրվող 60 ժամացույցներից միայն մեկի սլաքներն են բաբախում առ այսօր՝ կամրջելով անցյալ ու գալիք հիշողությունները։ 

Ժամանակավոր ցուցադրության շրջանակում կներկայացվեն Մ․ Նալբանդյանի, Հ․ Թումանյանի, Ա․ Բակունցի, Վ․ Փափազյանի, Բ․ Կանաչյանի, Մ․ Սարյանի և մյուս մեծերի ժամացույցները՝ հիշողության սլաքներով։

Նախագծի հովանավոր` 𝐀𝐖𝐈 𝐢𝐧𝐭𝐞𝐫𝐧𝐚𝐭𝐢𝐨𝐧𝐚𝐥
Գործընկերներ` Հովհաննես Թումանյանի թանգարան, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

 

Մուտքը՝ ցուցադրության տոմսով

17 մայիսի

10:00

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ ԵՎ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Գրականության և արվեստի թանգարանը միանում է երկօրյա մշակութային տոնին: Այս տարի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը կանցկավվի մայիսի 17-ին, իսկ մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը «Թանգարանների ապագան արագ զարգացող հայամնքերում» խորագրի ներքո:

 

ՄԱՅԻՍԻ 17  

10:00-24:00 - Հիմնական ցուցադրություն

10:00-24:00 - Ժամանակավոր ցուցադրություն՝ «Վահան Տերյանը՝ ուսանող»․ կցուցադրվեն Վահան Տերյանի ուսանողական շրջանին վերաբերող և թանգարանում պահվող արխիվային վավերագրեր

17:00 - «Պատում՝ մեկ իրի․ Կոմիտաս վարդապետի սրինգը» ժամանակավոր ցուցադրության բացում․ կներկայացվեն Կոմիտասի սրինգը (բլուլը) և դրա մասին պատմող նրա ինքնագիր հոդվածը

20:00-20։40 - «ԿինոՋազ․ էկրանից՝ բեմ»․ Երևանի Կ․ Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ ջազային-անսամբլային երաժշտության երեկո

 

 

ՄԱՅԻՍԻ 18

10:00-18:00 - Հիմնական ցուցադրություն 

 

Մայիսի 17-ին և 18-ին թանգարանի մուտքն ԱՆՎՃԱՐ է։

Մայիսի 17-ին թանգարանը բաց կլինի մինչև կեսգիշեր։

 

 

23 ապրիլի

13:00

«Տերյանը՝ ուսանող» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացում

Ապրիլի 23-ին՝ ժամը 13։00-ին, սիրով հրավիրում ենք ինտելեկտուալ գրող Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված «Տերյանը՝ ուսանող» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացմանը Գրականության և արվեստի թանգարանում։ 

 

Վ․ Տերյանի ուսանողական տարիները միայն ակադեմիական կրթություն ստանալու ժամանակաշրջան չէին։ Դրանք նրա անձի, աշխարհայացքի և գրական ոճի ձևավորման ամենաբուռն ու որոշիչ փուլերն էին։ Տերյանը փայլուն, մշտապես զարգացող ուսանող էր, նա ակտիվորեն մասնակցում էր ազգային և երիտասարդական շարժումներին։Բազմաթիվ լեզուների իմացությունը Վ․Տերյանին հնարավորություն տվեց բնագրով կարդալու աշխարհի մեծագույն մտածողների ու գրողների ստեղծագործությունները։ Հանգամանք, որը ձևավորեց մտքի բացարձակ ազատություն, գրական ինքնատիպ ոճ ու լեզու ունեցող գրողին։

Ցուցադրվող վավերագրերը կօգնեն բացահայտել Վ․Տերյանի ուսանողական կյանքի վառ դրվագներն ու ուշագրավ մանրամասները, որոնք հուշում են, թե ինչպիսին պետք է լինի օրինակելի ուսանողը և իսկական մտավորականը։

 

Ցուցադրությունը կգործի մեկ ամիս:

16 ապրիլի

14:00

«Ֆրունզիկ Մկրտչյան. չգրված հետադարձ հայացք․․․» գրքի շնորհանդես

 

Հայ կինոյի օրը Գրականության և արվեստի թանգարանը նշանավորում է նոր գրքի շնորհանդեսով։

Սիրով հրավիրում ենք Ռոբերտ Մաթոսյանի «Ֆրունզիկ Մկրտչյան. չգրված հետադարձ հայացք․․․» գրքի շնորհանդեսին ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին։
Վավերագրական այս գիրքը մեծանուն արտիստ Ֆրունզիկ Մկրտչյանի չգրված մենախոսությունն է, որը հեղինակը ձայնագրել է ավելի քան 40 տարի առաջ:
Ռոբերտ Մաթոսյանը, լինելով նրա մտերիմ բարեկամներից մեկը, որպես «Ֆիլմ» թերթի խմբագիր տարբեր առիթներով ձայնագրել է արտիստի հանդիպումները, արտերկրի կինոփառատոններում ականատեսն է եղել նրա ջերմ ընդունելությանը, հանդիսատեսի սիրուն ու մեծարմանը:
Գիրքը վավերագրական ուղերձ է հին ու նոր սերնդին, չգրված հետադարձ հայացք, որը հնարավորություն կտա ընթերցողին նորովի բացահայտել և ճանաչել Մհեր Մկրտչյան մարդուն և արտիստին։

 

19 փետրվարի

11:00

«Ընծայագիր. գիրք նվիրելու արվեստը» ժամանակավոր ցուցադրություն

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Գրականության և արվեստի թանգարանը տոնելու է թանգարանի ֆոնդերից առանձնացված գրքային ընծայագրերի ցուցադրությամբ։ Այս ընծայագրերը առանձնանում են իրենց հետաքրքիր բովանդակությամբ, ինքնատիպ ձևավորումներով, նրբագեղ շեշտադրումներով, առանձնահատուկ ձեռագրերով և անկրկնելի ոճով՝ բացահայտելով գրական ժառանգության անկեղծ ու ջերմ էջերը։ 

Ցուցադրությունը եզակի հնարավորություն է բացահայտելու, թե ինչ գրքեր էին նվիրում միմյանց հայ, արևմտահայ և այլազգի նշանավոր մտավորականները՝ վերածելով ընծայագրերը հիացմունքի և երախտագիտության խոր արտահայտման։

Այցելեք Գրականության և արվեստի թանգարան՝ ծանոթանալու ընծայագրման և գիրք նվիրելու արվեստին և բացահայտեք, թե ինչպես կարելի է գրքի նվիրատվությունը դարձնել ոչ միայն հիշարժան ժեստ, այլև ջերմ հարաբերությունների խորհրդանիշ։