Թե ինչպես փրկվեց Չարենցի դիմանկարը. լինոփորագրության աշխատատրան
«Մարտիրոս Սարյան․ ծանոթ և անծանոթ դեմքեր» ցուցադրության ավարտին Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա լինոփորագրության աշխատարան 6-13 տարեկան երեխաների համար։
Ծրագրի ընթացքում՝
•Կծանոթանանք Սարյանի՝ Չարենցի կտավի առեղծվածային պատմությանը,
• Կդիտենք «Մարտիրոս Սարյան․ ծանոթ և անծանոթ դեմքեր» ցուցադրությունը զբոսավարի ուղեկցությամբ,
• Լինոփորագրության աշխատարանի միջոցով կստեղծենք Չարենցի դիմանկարի մեր տարբերակը,
• Կամփոփենք Սարյանի 145-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրությունը՝ մեզ հետ տանելով մեր ստեղծագործությունները։
Մասնակիցները լինոլիումի վրա փորագրված պատկերը հատուկ տեխնիկայով կվերատպեն թղթի վրա՝ իբրև Չարենցի դիմանկարը փրկելու սեփական փորձ։
Աշխատարանի ղեկավար՝ Սարգիս Հովհաննիսյան
Ծրագրի տևողությունը՝ 1ժամ 30 րոպե
Սպիրիդոն Մելիքյան-145. ժամանակավոր ցուցադրություն
Գրականության և արվեստի թանգարանը սիրով հրավիրում է կոմպոզիտոր, խմբավար, ազգագրագետ և մանկավարժ, երաժշտության տեսաբան Սպիրիդոն Մելիքյանի 145-ամյակին նվիրված ցուցադրության բացմանը հուլիսի 2-ին՝ ժամը 11։00-ին։
Կոմիտասի աշակերտ և օգնական Սպ․ Մելիքյանը շարունակեց իր բազմաշնորհ ուսուցչի ստեղծած առաջադիմական ավանդույթը՝ տևական ջանքեր գործադրելով հայ ժողովրդական երգերի ու պարերի հավաքման, ձայնագրման, գեղարվեստական մշակման և ուսումնասիրության ուղղությամբ։ Սպ․ Մելիքյանը համարվել է հայ երաժշտական ֆոլկլորի խոշոր գիտակը Կոմիտասից հետո։ Նա տարված էր հայ պրոֆեսիոնալ երաժշտության զարգացման լայն հեռանկարով և երաժշտական մշակույթի հանրահռչակման երազանքով, որին էլ միտված էր Թիֆլիսում, Երևանում, Մոսկվայում ծավալած նրա արգասավոր գործունեությունը։
«Սպիրիդոն Մելիքյան-145» ցուցադրության շրջանակում կներկայացվի կոմպոզիտորի գործունեության և թողած երաժշտական ժառանգության խոսուն նմուշները՝ ինքնագիր նամակներ, նոտագրություններ, երաժշտական ուսումնասիրություններ, լուսանկարներ, անձնական իրեր, որոնք պատկանում են ԳԱԹ-ի հավաքածուին։
Ցուցադրության համադրող՝ Ցողիկ Բեքարյան, Երաժշտական բաժնի վարիչ
Ցուցադրությունը կգործի մեկ ամիս:
«Մարտիրոս Սարյան․ ծանոթ և անծանոթ դեմքեր» Ժամանակավոր ցուցադրություն
«Մարտիրոս Սարյան․ ծանոթ և անծանոթ դեմքեր» Ժամանակավոր ցուցադրություն Գրականության և արվեստի թանգարանում՝ նվիրված Մարտիրոս Սարյանի ծննդյան 145-ամյակին
Ցուցադրության շրջանակում կներկայացվի Մարտիրոս Սարյանի՝ ԳԱԹ-ում պահվող ամբողջական հավաքածուն՝ կտավներ, գրաֆիկական աշխատանքներ, լուսանկարներ և վավերագրեր, որոնց զգալի մասն առաջին անգամ է ցուցադրվում։ Հավաքածուի գեղարվեստական մասն ընդգրկում է հայ գրողների, մշակույթի գործիչների՝ ծանոթ և անծանոթ շուրջ 60 դիմանկար։
Ցուցադրության բացումը տեղի կունենա հունիսի 10-ին՝ ժամը 16։00-ին։
Այն կգործի մինչև հուլիսի 10-ը։
Սիրով սպասում ենք։
Մուտքը՝ ցուցադրության տոմսով
Համերգային երեկո
Գրականության և արվեստի թանգարանը, համագործակցությամբ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի, ներկայացնում է համերգային երեկո՝ Գրականության և արվեստի թանգարանի Կոմիտասի անվան դահլիճում:
Համերգը տեղի կունենա հունիսի 20-ին՝ ժամը 18։00-ին։
Կհնչեն հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Ծրագրի ղեկավար՝ Լ․ Ջավադյան։։
Հիշողության սլաքներ. ժամանակավոր ցուցադրություն
Գրականության և արվեստի թանգարանում մայիսի 31-ից հուլիսի 30-ը կգործի «Հիշողության սլաքներ» բացառիկ ցուցադրությունը։ Առաջին անգամ կցուցադրվեն հայ մեծերի՝ գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի երևելիների անձնական ժամացույցները, որոնցից յուրաքանչյուրի սլաքները կանգ են առել հիշողության մի ակնթարթում․․․
Ցուցադրվող 60 ժամացույցներից միայն մեկի սլաքներն են բաբախում առ այսօր՝ կամրջելով անցյալ ու գալիք հիշողությունները։
Ժամանակավոր ցուցադրության շրջանակում կներկայացվեն Մ․ Նալբանդյանի, Հ․ Թումանյանի, Ա․ Բակունցի, Վ․ Փափազյանի, Բ․ Կանաչյանի, Մ․ Սարյանի և մյուս մեծերի ժամացույցները՝ հիշողության սլաքներով։
Նախագծի հովանավոր` 𝐀𝐖𝐈 𝐢𝐧𝐭𝐞𝐫𝐧𝐚𝐭𝐢𝐨𝐧𝐚𝐥
Գործընկերներ` Հովհաննես Թումանյանի թանգարան, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
Մուտքը՝ ցուցադրության տոմսով
