ԲՈՒՔՈՒԲՈՐԱՆ գրատոն.«Անանձնական անձնական էջեր» ժամանակավոր ցուցադրություն
«Ընծայագիր. գիրք նվիրելու արվեստը» ժամանակավոր ցուցադրություն
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Գրականության և արվեստի թանգարանը տոնելու է թանգարանի ֆոնդերից առանձնացված գրքային ընծայագրերի ցուցադրությամբ։ Այս ընծայագրերը առանձնանում են իրենց հետաքրքիր բովանդակությամբ, ինքնատիպ ձևավորումներով, նրբագեղ շեշտադրումներով, առանձնահատուկ ձեռագրերով և անկրկնելի ոճով՝ բացահայտելով գրական ժառանգության անկեղծ ու ջերմ էջերը։
Ցուցադրությունը եզակի հնարավորություն է բացահայտելու, թե ինչ գրքեր էին նվիրում միմյանց հայ, արևմտահայ և այլազգի նշանավոր մտավորականները՝ վերածելով ընծայագրերը հիացմունքի և երախտագիտության խոր արտահայտման։
Այցելեք Գրականության և արվեստի թանգարան՝ ծանոթանալու ընծայագրման և գիրք նվիրելու արվեստին և բացահայտեք, թե ինչպես կարելի է գրքի նվիրատվությունը դարձնել ոչ միայն հիշարժան ժեստ, այլև ջերմ հարաբերությունների խորհրդանիշ։
Սիրո անուրջներ
Փետրվարի 15-ին՝ սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնին, Գրականության և արվեստի թանգարանն ի նշանավորումն մեծանուն քնարերգու Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակի՝ գեղեցիկ անակնկալ է պատրաստել սիրահարների համար։
Թանգարանում դրված տուփից հանելով բացիկը՝ դուք հնարավորություն կունենաք տերյանական բառերով սիրային խոստովանություն կարդալու ձեր սիրելիի համար:
Սիրով հրավիրում ենք տոնելու Սուրբ Սարգսի տոնը Գրականության և արվեստի թանգարանում, վերապրելով տերյանական քնքուշ ու երազային սիրո մթնոլորտը, որտեղ յուրաքանչյուր խոսք դառնում է սիրո խոստովանություն։
ԳԱԹ-ն այս տարի միացել է նաև «Բուկինիստ» գրախանութի «Գաղտնի գրքասեր» ծրագրին: Ձեր սիրելիին գիրք նվիրելու դեպքում անվճար կստանաք տերյանական էջանիշ, որը փետրվարի 15-ին և 16-ին թանգարան ներկայացնելիս անվճար շրջայցի հնարավորություն կունենաք:
Բարսեղ Կանաչյան-140
Փետրվարի 14-ին՝ ժամը 15։30-ին, Գրականության և արվեստի թանգարանում կբացվի 20-րդ դարի սփյուռքահայ անվանի երգահան, խմբավար Բ․Կանաչյանի 140-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրությունը, որին կհաջորդի Բ․Կանաչյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ համերգային ծրագիրը։
Սիրով հրավիրում ենք նշանավոր երգահանի կյանքին և գործունեությանը վերաբերող ցուցադրությանը, որը կգործի 2 օր։
Հասցե՝ ք. Երևան, Արամի 1
ՄԱՐԿՈՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԵՎ ՓԱՐԱՋԱՆՈՎ. «Պատում մեկ իրի» ժամանակավոր ցուցադրություն
1988թ.-ի աշնանը բացառիկ հրավերով Սերգեյ Փարաջանովը մեկնում է Նյու Յորք՝ մասնակցելու 26-րդ միջազգային կինոփառատոնին՝ «Աշուղ Ղարիբ» ֆիլմով:
Փառատոնի ընթացքում Փարաջանովը ծանոթանում և բարեկամանում է Մարկոս Գրիգորյանի հետ: Նյու Յորքից վերադառնալուց հետո Փարաջանովը Մարկոս Գրիգորյանին, ի նշան բարեկամության, նվեր մեղվակարպետ է ուղարկում՝ հայտնելով կարպետը իշխանություններից գաղտնի ուղարկելու մասին: Ի պատասխան՝ Մարկոս Գրիգորյանը կարպետը ուսերին գցած լուսանկարվում է և լուսանկարն ուղարկում Փարաջանովին՝ ակնարկելով, որ «գաղտնի» բեռը տեղ է հասել:
